Ռուս ուղղափառ եկեղեցին հանդես է եկել Ստամբուլի եկեղեցիների պահպանման օգտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուս ուղղափառ եկեղեցին հանդես է գալիս Ստամբուլի քրիստոնեական տաճարների պահպանման օգտին: Այս մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքության՝ միջազգային հարաբերությունների գծով քարտուղարության ղեկավար Իգոր Յակիմչուկը:
Վերջինս ընդգծել է, որ երեք տաճարներից ոչ մեկն էլ չի պատկանում Ռուս ուղղափառ եկեղեցուն և բոլորն էլ գտնվում են Պոլսո պատրիարքարանի իրավասության ներքո: Նա հավելել է, որ իրենք հանդես են գալիս այդ տաճարների պահպանման օգտին և կարող են անուղղակիորեն ներազդել այդ հարցում:
Ստամբուլում մշտական բնակություն են հաստատել տասնյակ հազարավոր ուղղափառ հավատացյալներ, և իսկապես սուր է դրված ռուսների համար եկեղեցիների պակասի խնդիրը:
Ռուսական Известия թերթը սրանից առաջ գրել էր, որ Ստամբուլի Քարաքյոյ նավահանգստային շրջանում տեղի իշխանությունները որոշել են քանդել Ստամբուլի երեք ուղղափառ տաճարներից մեկը՝ Իլյա մարգարեի եկեղեցին՝ կապված մասնավոր ներդրողի կողմից տվյալ շրջանում ձեռնարկելիք վերափոխումների հետ: