Վլադիմիր Գասպարյան. «Ի՞նչ եք կարծում, չարժե՞ վերահսկել…»

ՀՀ ոստիկանությունը Արմավիրի մարզում կարկուտից տուժած բնակիչներին ֆինանսական աջակցություն կցուցաբերի 20 մլն դրամի չափով: Այսօր 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, ի պատասխան այն հարցին, թե ինչով է պայմանավորված փոխանցվող դրամի չափն ու արդյոք հայտարարաված թիվը վերջնական է, պատասխանեց. «Չեմ կարծում, թե թիվը վերջնական է: Խոսքը միլիոնի մեջ չէ՝  մոտեցումների մեջ է: Մենք խոսում ենք նրա մասին, որ մենք ժողովրդի հրեշտակ պահապաններ ենք, որ բոլորը մեր քաղաքացիներն են, ուրեմն բարի պետք է լինենք այս խոսքերին տեր լինենք, կանգնենք գյուղացիների կողքին»:

Մեր հարցին, թե կարծում եք այդ գումարը կմեղմի՞ գյուղացու հոգսը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ գոնե մի քանի հոգու մատից փուշ դուրս կգա: Բայց սրանով ամեն ինչ չի սահմանափակվում: Որպես մոտեցում, սկզբունք, մենք փորձելու ենք ամրապնդել այն գաղափարը, որ ոստիկանությունը չպետք է միայն հանցագործություններ բացահայտի՝ պետք է նաև ծառայություն մատուցի: Սա մեր ծառայության մատուցման ու խանարհության ձևերից մեկն է»:

Հետաքրքրվեցինք նաև, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ ոստիկանապետը վերահսկողության տակ է պահում կարկտահարությունից տուժած արմավիրցիներին, որպեսզի նրանք կրկին դուրս չգան բողոքարկելու: Ի պատասխան՝ ոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունը որպես կանոն միշտ նման երևույթները վերցնում է վերահսկողության տակ, որովհետև հավաքվում են պաշտոնատար անձինք, հավաքվում  է ժողովուրդը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ… Ի՞նչ եք կարծում, չարժե՞ վերահսկել»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս