Հայաստանն ու Ադրբեջանը զարմանալիորեն Արևմուտքից ավելի ակտիվ արձագանքեցին Մերաբիշվիլիի ձերբակալմանը. Մամուկա Արեշիձե
Վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադարձել է Վրաստանի նախկին վարչապետ, Միասնական ազգային շարժում կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի ձերբակալմանը.
«Վրաստանի կառավարությունն Արևմուտքին ներկայացրել է բավական լուրջ փաստարկներ՝ կապված Վանո Մերաբիշվիլիի ձերբակալման հետ, այլապես արևմտյան երկրների արձագանքը կլիներ շատ ավելի կտրուկ:
Եթե նոր կառավարությունը Արևմուտքին չներկայացներ լուրջ փաստարկներ, ապա արձագանքները կլինեն շատ ավելի սուր և աղմկալի: Ինձ զարմացրեց մեկ այլ բան. Մերաբիշվիլիի ձերբակալմանն ամենաակտիվն արձագանքեցին Հայաստանն ու Ադրբեջանը:
Սակայն հետո ինձ համար հասկանալի դարձավ, թե Մերաբիշվիլին ինչպիսի խոր շփումներ է ունեցել այդ երկրների հետ: Չեմ բացառում, որ հաստատված լինեն նաև բիզնես-սխեմաներ, որոնցում Մերաբիշվիլիի հետ մեկտեղ մասնակցել են Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական ընտրանիները:
Ինչ վերաբերում է Մերաբիշվիլիի մեղավորությանը, ապա հասարակության համար նա կայացած հանցագործ է, և հետաքննությունն ունի այնքան շատ ապացույցներ, որ Մերաբիշվիլիի ցուցմունքները պարտադիր էլ չեն: Այդպիսի ապացույցներից մեկը Գիրգվլիանիի սպանության գործն է»:
Հիշեցնենք, որ Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է այս տարվա մայիսի 21-ին, ինչից հետո Քութայիսի քաղաքային դատարանը որոշել է նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Մերաբիշվիլիի փաստաբաններն այդ վճիռը բողոքարկեցին Քութայիսի Վերաքննիչ դատարանում, սակայն վերջինս այն թողեց անփոփոխ: