Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է գերազանցել Մեսսիի ռեկորդը, աստեղային հիվանդությունից էլ չի վախենում

Ուկրաինայի առաջնության վերջին՝ 30-րդ տուրում, «Շախտյորը» 4։0 հաշվով պարտության մատնեց «Մետալուրգին», իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թարմացրեց ռեկորդը՝ Ուկրաինայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի թիվը հասցնելով 25-ի։

Հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյնը հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա Պրավդային» և լրագրողի հարցին ի պատասխան՝ նշել է, որ ռեկորդային գոլը խփելուց հետո իր հեռախոսին 77 sms հաղորդագրություն է ստացել և բոլորին պատասխանել է։ Այն հարցին, թե այսքանից հետո չե՞ս վախենում աստեղային հիվանդություն ձեռք բերել, Հ. Մխիթարյանը պատասխանել է.

«Ոչ։ Որովհետև ես պարզապես չեմ կարող դրանով հիվանդանալ։ Չեմ ուզում գլուխ գովել, սակայն ինձ մանկուց սովորեցրել են ամեն ինչին վերաբերվել հետևյալ կերպ. երբ ինչ-որ բան ստացվում է, և մարդը հասնում է իր նպատակին, պետք չէ խելագարի պես ուրախանալ։ Իմ ձեռքբերումները ես ընկալում եմ որպես սեփական աշխատանքի արդյունք։ Այսինքն՝ ես ինքս ինձ զսպում են։ Դրա համար էլ հաջորդ խաղին, եթե Միստերը ինձ խաղադաշտ թողնի, ես դուրս կգամ քաղցած գազանի նման՝ որպեսզի գոլ խփեմ, եթե հնարավոր լինի։ Քանի որ իմ ռեկորդը արդեն պատմություն է։ Պետք է գնալ դեպի նոր նպատակ»։

Իսկ հարցին, թե այժմ ի՞նչ նոր նշաձող է սահմանել իր համար, Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է՝ որքան հնարավոր է՝ բարձր։

«Օրինակ Մեսսին 46 գոլ է խփել առաջնությունում… Ինչո՞ւ ես նույնպես այդքան չխփեմ։ Առավելևս, որ Միստերը միշտ ասում է՝ լավ է, երբ ռեկորդը սահմանում է «Շախտյորի» ֆուտբոլիստը. դա ակումբի պատիվն է։ Թիմն ինձ վրա խաղում էր դեռ «Զարյայի» հետ հանդիպման ժամանակ, երբ խփեցի իմ 22-րդ գոլը։ Սակայն մենք այդ մասին չենք պայմանավորվել։ Եվ Միստերը նույնպես նման խնդիր չէր դրել։ Նա ընդամենը ասում էր՝ եթե հնարավորություն կա, խփիր։ Իսկ իրականում լավ չէ, երբ ողջ թիմը խաղում է մեկի գոլ խփելու համար։ Դրանով մենք հեշտացնում ենք մրցակցի կյանքը, որովհետև երբ գիտեն, թե փոխանցումն ում է լինելու, դժվար չէ հաշվարկել նրա գործողությունները»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս