Բաժիններ՝

«Տիտանների պատերազմը». հայտնի տնտեսագետների հակամարտությունը թափ է հավաքում

Ամերիկացի խոշորագույն տնտեսագետների՝ արդեն մի քանի տարի շարունակվող բանավեճը այն մասին, թե ինչպես պետք է ապահովել տնտեսական աճը ճգնաժամի ժամանակ, վերածվել է երկու ճամբարների միջև բացահայտ վիճաբանության։ Բարիկադի մի կողմում նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուգմանն է, մյուս կողմում՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ Քեննեթ Ռոգոֆֆը և Կարմեն Ռեյնհարթը։

Հարաբերությունների սրման առիթ է հանդիսացել Կրուգմանի գրախոսականը՝ տնտեսագիտության մի քանի գրքերի համար, որը հրապարակվել է New York Review of Books-ում։ Կրուգմանը գրել էր, որ Ռոգոֆֆը և Ռեյնհարթը տնտեսագետների շրջանում դարձել են քմծիծաղի առարկա, իսկ նրանց հետազոտությունների արդյունքում արված եզրակացությունները թվերով հիմնավորված չեն։ Համենայն դեպս, հանրությանը այդպիսի թվեր չեն ներկայացվել։

Ռոգոֆֆը և Ռեյնհարթը ի պատասխան այդ խոսքերի՝ իրենց բլոգում Կրուգմանին մեղադրել են ոչ քաղաքակիրթ պահվածք դրսևորելու մեջ։ Տնտեսագետներին զայրացրել է ոչ թե քննադատությունը, այլ այն, որ այդ քննադատության մեջ Կրուգմանը «անցել է անձերին»։ Հարվարդի գիտնականներին դուր չի եկել նաև իրենց հետազոտությունների վերաբերյալ Կրուգմանի քննադատական հոդվածների բնույթը։ Այն, Ռոգոֆֆի և Ռեյնհարթի խոսքերով, «ընտրանքային և և մեկերեսային»։ Նրանք ավելացրել են, որ նման հետազոտություններ արել են նաև այլ տնտեսագետներ, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները։ Սակայն Կրուգմանը այլոց թերությունները չգիտես ինչու անտեսում է։
Բանավեճի էությունը հետևյալն է. Կրուգմանը գտնում է, որ ճգնաժամի ժամանակ պետությունը պետք է մեծացնի իր ծախսումները և չվախենա բյուջեի դեֆիցիտից։ Մինչդեռ Ռոգոֆֆը և Ռեյնհարթը գտնում են, որ ծախսերի ավելացումը բերում է պետական պարտքի ավելացման։ Իսկ պետական պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրները երկրարաժամկետ հեռանկարում գրանցում են ՀՆԱ-ի շատ ավելի վատ դինամիկա։ Դրա համար, ըստ հարվարդյան տնտեսագետների, անհրաժեշտ է ոչ թե մեծացնել ծախսերը, այլ մտածել բյուջեների հավասարակշռվածության մասին։

Կրուգմանը և մի շարք այլ տնտեսագետներ այս տեսակետը չեն կիսում։ Ավելին, տնտեսագետների այս ճամբարը ապրիլին անսպասելի աջակցություն ստացավ Մասաչուսեթսի համալսարանի գիտնականներից։ Վերջիններս հայտնաբերել էին, որ Ռոգոֆֆի և Ռեյնհարթի եզրակացությունները հիմնված են ոչ ճիշտ պայմանների և մաթեմատիկական սխալների վրա։ Ընդ որում, այդ սխալները «աշխատում էին» հօգուտ այն թեզի, որ պետական պարտքի բարձր մակարդակը բացասաբար է ազդում ՀՆԱ-ի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս