Աբաշիձեի ու Կարասինի հաջորդ հանդիպումը Պրահայում կանցկացվի հունիսի 4-ին կամ 5-ին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իր հերթական հանդիպումն անցկացվելու է հունիսի 4-ին կամ 5-ին, Պրահայում.
«Մեր առաջին հանդիպումից անցել է 6 ամիս, և Պրահայի հանդիպման ժամանակ մենք ամփոփելու ենք մեր վեցմասյա բանակցությունների ընթացքը, դիտարկելու ենք, թե արդյոք առաջընթաց գրանցվե՞լ է մեր հարաբերություններում: Քննարկելու ենք առևտրին, տրանսպորտին, հումանիտար-մշակութային և այլ ոլորտներին առնչվող խնդիրներ:
Ես կցանկանայի իմանալ, թե որ փուլում է գտնվում Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը: Մարտին հայտարարվել էր, որ Մոսկվան դիտարկում է որոշակի կատեգորիայի մարդկանց համար վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները»:
Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ վիզային ռեժիմ է սահմանել դեռևս 2000 թվականին: 2012 թվականի փետրվարի 28-ին Վրաստանը միակողմանիորեն Ռուսաստանի քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը: