Լյուդմիլա Սարգսյան. Եթե համակերպվում են, չեն ընդվզում, ուրեմն՝ ժողովուրդը արժանի է այս իշխանություններին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, թե այսօր կանգնել ենք մի փաստի առջև, «երբ իշխանությունները մեզ խաբել են»:
Նրա խոսքով՝ ժողովրդից գազի սակագնի թանկացման մասին տեղեկությունը հանրությունից թաքցվել է, որովհետև հակառակ դեպքում անակնկալներ կսպասվեին իշխանությանը. «Տոկոսների այն փոքր չափաբաժինը, որ պետք է տային, չէին տա ՀՀԿ-ին: Գազի գնի թանկացումը նպատակային թաքցրել են, իսկ տնտեսական ու քաղաքական հարցերն առանձին դիտարկել չի կարելի: Այսօր հայտարարում են, որ գազի գինը 18 տոկոսով է թանկանալու. չեմ հասկանում՝ ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ իջեցնել նախնական հայտարարված 68 տոկոսից: Ես կարծում եմ, որ նրանք նպատակային բարձր են ասել այս թիվը, որ հետո ժողովուրդն ասի՝ փառք աստծո, այսքանով բարձրացավ»,- ասաց նա՝ ավելացնելով, թե չի հասկանում նաև, թե ինչպե՞ս է հասարակությունը հաշտվում գազի սակագնի թանկացման հետ:
«Ինչո՞ւ չեն փորձում «ՀայՌուսգազարդի» վրա ճնշումներ գործադրել: Գազի գնի նման կտրուկ բարձրացման արդյունքում շահում է ոչ միայն «ՀայՌուսդազարդը», այլև այն վերնախավը, որը իշխող կուսակցություն է, համագործակցում է, որին չի հուզում ծայրագուն վիճակը, որովհետև թանկանում է ամեն ինչ՝ սնունդ, էլեկտրաէներգիա և այլն: Ինձ ապշեցնում է, որ ժողովուրդը սրա հետ համակերպվում է: Եթե համակերպվում են, չեն ընդվզում, ուրեմն՝ ժողովուրդը արժանի է այս իշխանություններին: Եթե չեն ընդվզում, չկա դժգոհություն, մարդկանց մեջ չկա տիրոջ իրավունքի զգացում, բնականաբար, իշխանությունը կարող է ժողովրդի հետ վարվել անպես, ինչպես ցանկանում է»,- հայտարարեց ՀԱԿ անդամը:
Ինչ վերաբերում է գազի սուբսիդավորմանը, ապա Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ սուբիսիդավորումը կատարվելու է արտաքին նոր պարտքով, քանի որ այն պետբյուջեով նախատեսված չէ:
Նրա խոսքով՝ գազի գնի թանկացման հարցը մեղմացուցիչ կլիներ այն դեպքում, եթե Տիգրան Սարգսյանը հրաժարական տար՝ իր կառավարությամբ հանդերձ: