ԵՄ-ի արտգործնախարարների այսօրվա նիստում կքննարկվի Սիրիայի դեմ պատժամիջոցների հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-ի անդամ 27 երկրների արտգործնախարարների հերթական նիստը, որում գլխավոր հարցը լինելու է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցների երկարաձգումը:
Սիրիայի հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների, այդ թվում նաև զենքի մատակարարման վրա դրված բեռնարգելքի ժամկետը սպառվում է մայիսի 31-ին: Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ ԵՄ-ի անդամների մի մասը հանդես է գալիս Սիրիային զենք մատակարարելու վրա դրված ներկայիս արգելքի պահպանման օգտին:
Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պնդում են զենքի բեռնարգելքի չեղյալ հայտարարման անհրաժեշտությունը՝ սիրիական զինված ընդդիմությանը զենք մատակարարելու համար: Իսկ ահա ԵՄ-ի մի շարք երկրներ էլ հանդես են գալիս պատժամիջոցները 2-3 ամսով երկարաձգելու օգտին՝ չտապալելու համար Ժնևում Սիրիայի վերաբերյալ միջազգային նոր կոնֆերանսի անցկացումը, որի նախաձեռնողներն են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: