Թուրքիան Իսրայելին ու Կիպրոսին առաջարկել է գազատար կառուցել
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան բնական պաշարներով օժտված հարևան երկրներին առաջարկել է էներգակիրների համատեղ արտահանում:
Յըլդըզն ընդգծել է, որ Թուրքիան առանձին դիմել է Իսրայելին ու Կիպրոսին՝ առաջարկելով կառուցել գազատար՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածի էներգակիրների արտահանման համար: Ըստ Յըլդըզի՝ Իսրայելն ու Կիպրոսը համաձայնվել են մեծ շահութաբերություն ունեցող տվյալ նախագծին:
Թաներ Յըլդըզը կրկնել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Կիպրոսի տնտեսական ջրերում նավթի ու գազի արդյունահանումն «ապօրինի» է, քանի դեռ չի կարգավորվել ողջ կղզու՝ ներառյալ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի բոլոր բնակիչների միջև եկամուտների բաշխման կանոնակարգումը:
Նշվում է, որ Իսրայելի տնտեսական ջրերում հայտնաբերված գազային հանքավայրերի ողջ պոտենցիալը գնահատվում է մոտ 1.3 տրիլիոն խորանարդ մետր: