Բաժիններ՝

ԱՄՆ-ում 23-ամյա տղամարդն իր մեքենայից կրակ է բացել մարդկանց վրա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Թեքսաս նահանգում մի տղամարդ երեկ իր մեքենայից կրակ է բացել, ինչի հետևանքով սպանվել է մեկ մարդ և վիրավորվել է ևս հինգ մարդ, այդ թվում նաև մեկ ոստիկան: Կրակ արձակած այդ տղամարդը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:

Ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդը սկզբում կրակ է բացել Իդեն քաղաքում, տեղական ժամանակով ժամը 04.30-ի մոտ: Դրանից հետո նա գնացել է Իդենից արևելք ընկած Բրեյդի քաղաք, ուր վիրավորել է երկու մարդու, որոնք նստած են եղել սուպերմարկետի մոտ կանգնած իրենց մեքենայում:

Ապա տղամարդը վերադարձել է Իդեն և վիրավորել է ևս երկու մարդու: Դրանից հետո նա մեկնել է Էոլա բնակավայր, ուր և սպանել է 41-ամյա Ալիսիա Տորեսին, ով իր ավտոմեքենայով անցնելիս է եղել նրա մոտով: Նրա դիակը ոստիկանները հայտնաբերել են ժամը 06.00-ին:

15 րոպե անց ոստիկանները Իդենից հյուսիս ընկած խճուղու վրա հասել են հանցագործի մոտ և փոխհրաձգության ժամանակ սպանել են նրան: Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է նաև Կոնչո շրջանի շերիֆը: Վերջինիս փոխադրել են Սան Անջելո քաղաքի հոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Սպանված տղամարդու ավտոմեքենայում հայտնաբերվել է ավտոմատ հրացան, ատրճանակ և մի քանի հարյուր փամփուշտ: Տղամարդու անունը չի հրապարակվում: Ոստիկանությունը միայն հայտնել է, որ նա 23 տարեկան է և ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգում: Դրդապատճառներն անհայտ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս