
3 գյուղապետ վերընտրվեց

Մայիսի 26-ին Հայաստանի մի քանի համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի համայնքի ղեկավար է վերընտրվել ԲՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը:
Նույն մարզում գյուղապետի ընտրություն էր նաև Նուռնուս համայնքում: ԲՀԿ-ական գյուղապետ Մնացական Գևորգյանի հետ պայքարի մեջ էր անկուսակցական Վանիչկա Ոսկանյանը: Այս համայնքից չհաջողվեց տեղեկություն ստանալ, քանի որ քվեարկության ավարտից հետո, անհայտ պատճառներով, թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հեռախոսները լուռ էին:
Շիրակի մարզի Ախուրիկի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը: Նրա օգտին քվեարկել է 312 ընտրող, իսկ մյուս թեկնածուի՝ անկուսակցական Սարգիս Սարգսյանի օգտին՝ 176, 13 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում 296 կողմ ձայնով վերընտրվել է համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը: