ԲՀԿ-ականը Նոր Հաճընում ջախջախիչ հաղթանակ տարավ ՀՀԿ-ականի նկատմամբ
ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից, անկուսակցական Շուշանիկ Նազարյանը, ում սատարում էր իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, չկարողացավ անհրաժեշտ քվեներ ստանալ և ընտրվել Նոր Հաճընի քաղաքապետ:
Այստեղ հաղթանակ տարավ ԲՀԿ-ական գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը: Վերջինիս օգտին քվեարկել է 3780 մարդ, իսկ մրցակիցը ստացել է ընդամենը 370 քվե:
Ի դեպ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, ըստ մեր տեղեկությունների, օրերս հավաքել էր մարզի էլիտային և զգուշացրել, որ ամեն ինչ պիտի անեն՝ Շուշանիկ Նազարյանի հաղթանակի համար:
Վերջին օրերին Նոր Հաճընում ակտիվ աշխատանք էր տանում Հայաստանի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը: Նա նաև քվեարկության օրն է եղել Նոր Հաճընում և աջակցել Շուշանիկ Նազարյանին:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Կոտայքի մարզպետի աթոռին հավակնում է հենց Մկրտումյանը: