
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն իր բենդի հետ Քաթարում է

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն արդեն երկու ամիս իր բենդի հետ գտնվում է Քաթարում:
«Այստեղ ենք, որովհետև հենց Քաթարից եղավ համերգներ ունենալու հրավերը: Այստեղ շատ ելույթներ ենք ունեցել, չեմ կարող անգամ թիվն ասել: Ելույթներ ենք ունենում Դոհայի ջազ ակումբներից մեկում, երգում ենք բլյուզ, սոուլ, ռեգգի, ջազ ոճերում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
Նրա խոսքով` տեղացիներն իրենց հիանալի են ընդունում. «Քանի որ Դոհան տուրիստական կենտրոն է, ուստի մեզ լսելու են գալիս տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնց թվում կան նաև շատ հայեր. սա շատ հաճելի է»:
Անուշիկն ասում է, որ, ամենայն հավանականությամբ, բենդը Հայաստան կվերադառնա մեկ ամսից. «Առաջիկայում դեռ այստեղ համերգներ ունենք, իսկ այլ երկրներից դեռևս առաջարկներ չկան: Այնպես որ, Քաթարից վերադառնում ենք ուղիղ Հայաստան, ինչին անհամբեր սպասում ենք»: