Գազի գնի բարձրացման դեպքում քաղաքացիական անհնազանդություն կլինի
«Գազի գնի բարձրացման հարցում քաղաքական բաղադրիչը բացառել անհնար է, ՀՀԿ-ն երկրում վարում է գների բարձրացման քաղաքականություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ ասել էՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, հավելելով, որ Կառավարությունը այսօր շարժվում է ամենահեշտագույն տարբերակով՝ բարձրացնելով գները հնարավորություն է ստանում ավելացնել բյուջեն:
Ըստ նրա, գների բարձրացման քաղաքականությունը պետք է կասեցնել՝ օրակարգ մտցնելով նոր պահանջ. ոչ միայն թույլ չտալ, որ գազի սակագինը բարձրանա, այլ նաև այնպես անել, որ այն նվազի:
«Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Արամ Գրիգորյանի խոսքով՝ անհասկանալի է, թե կառավարությունը ինչու է 30 տոկոսով սուբսիդավորում գազի գինը, մինչդեռ այս պայմաններում հնարավոր է գործող սակագինը նվազեցնել, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործի քաղաքական գործընթացներից դուրս:
«Տարատեսակ քննարկումներ են կատարվում և կանխակալ մոտեցում է իրականացվում գազի գնի վերաբերյալ»,- ընդգծեց Արամ Գրիգորյանը՝ հիմնավորելով, որ այսօր որևէ մեկը գազի գնի վերաբերյալ թիվ ասելու իրավունքը չունի, եթե որոշակի գործընթացներ չեն իրականացրել: Սա, ըստ նրա, օրենքի խախտում է:
«Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջել են արտերկրից Հայաստան մուտք գործած գազի գնի փոփոխման պայմանագիրը, սակայն Հանձնաժողովն, ըստ քաղաքացիական նախաձեռնության անդամների, գաղտնի է պահում այն և չի տրամադրել պայմանագիրը, որը պետք է հրապարակային լիներ,- ասացին նախաձեռնության անդամները:
Արամ Գրիգորյանը տեսակետ հայտնեց, որ եթե գազի գնի փոփոխությունը իր «ամրապնդումը» ստանա մայիսի 29-ի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում անցկացվելիք հանրային լսումների ընթացքում, ապա դա ցույց կտա, որ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերթական անգամ պատվեր է կատարում, իսկ պատվերը մինչև հունիսի 7-ը գազի գնի բարձրացման որոշումն իրականացնելն է»:
«Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները վստահեցրեցին, որ եթե այնուամենայնիվ գազի գնի առաջարկվող փոփոխությունը լինի, ապա իրենք քաղաքացիական անհնազանդություն կդրսևորեն: