Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դեմ գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դեմ գործով նախաքննությունն ավարտվել է: «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ կողմերը ծանոթանում են գործի նյութերին:
Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով և պատվերով դատապարտյալ Ջ.Սլոյանի սպանությունը նախապատրաստելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 8-րդ կետերով:
Ըստ մեղադրանքի՝ Ս.Հովհաննիսյանը, ստանալով առաջարկ՝ կազմակերպելու ու իրագործելու «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, սպանության համար դատապարտված Ջ.Սլոյանի սպանությունը, պարտավորվել է գտնել սպանության կատարողին ու միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև: 2012թ. մարտին դիմել է նախկինում երկու անգամ մի դատապարտվածի ու առաջարկել վարձատրության դիմաց կազմակերպել և իրագործել սպանությունը:
Որոշ ժամանակ անց նախկին դատապարտյալը Ս.Հովհաննիսյանին տեղեկացրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկը 7500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց համաձայնել է կատարել «Արթիկ» ՔԿՀ տեղափոխված Ջ.Սլոյանի սպանությունը՝ մահաբեր խտության թմրանյութի օգնությամբ: Ս.Հովհաննիսյանը, ըստ նախաքննության, որպես կանխավճար փոխանցել է 400 ԱՄՆ դոլար՝ նախապատրաստական աշխատանքների ծախսերը հոգալու համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Փաստինֆո» գործակալությունը, այս գործով կա նաեւ մեկ հետախուզվող, ով, ըստ նախաքննական մարմնի, պատվիրել էր Սլոյանի սպանությունը: Այդ վարկածի համաձայն՝ խոսքը գնում է վրեժխնդրության մասին: Սլոյանը դատապարտվել եւ պատիժ է կրում՝ Մոսկվայում կատարած սպանության համար եւ, նախնական վարկածի համաձայն, Սլոյանի սպանությունը պատվիրել է նրա զոհի հարազատը:
Նշենք, որ Ս.Հովհաննիսյանը ձերբակալվել է 2012 թվականի հունիսի 13-ին եւ նախաքննական մարմինը մինչեւ 2013թ հունիսի 13-ը կամ պետք է նրա վերաբերյալ քրեական գործն ուղարկի դատարան, կամ ազատի կալանքից, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել մինչեւ 12 ամիս: