«Դուք այստեղ խոսում եք Ղարաբաղի մասին՝ երբևէ չլինելով այնտեղ». Ն.Զոհրաբյանի ելույթը Տալինում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել` Տալինում ընթացող` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ: Զոհրաբյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի գործընկերներ, թույլ տվեք իմ ելույթը սկսել՝ արձագանքելով Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությանը: Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ դուք զբաղվում եք հակամարտություններով՝ խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը: Դուք հայտարարում եք, որ Հայաստանը և Ադրբեջանը հավասարապես կիրառում են ռազմական հռետորաբանություն, երկուսն էլ սպառնում են պատերազմով: Դուք, մեղմ ասած, ճիշտ չեք: Դուք չեք կարող բերել որևէ օրինակ, երբ ՀՀ առաջին դեմքերը օգտագործած լինեն ռազմական հռետորաբանություն, չկա նման բան: Այո, մենք պատերազմ չենք ուզում, սակայն մեզ պատերազմով վախեցնել հնարավոր չէ: Հարգելի գործընկերներ, մեկ բան հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք, որևէ ձևաչափով չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, և ինչքան շուտ դա հասկանա Ադրբեջանն ու նաև դուք՝ այստեղ նստածներդ, այնքան մենք շատ ավելի արագ կկարողանանք ունենալ խաղաղ, կայուն զարգացող տարածաշրջան: Սակայն Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում ընդունել այդ պարզ ճշմարտությունը, այլև գլխիվայր է շուռ տալիս փաստերն ու իրողությունները և փորձում է վերախմբագրել միջազգային նորմերն ու սեփական հայեցողությամբ վերաշարադրել ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը:
Այո, չնայած համանախագահող երկրների գործադրած ջանքերին, վերջին տարիներին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել ղարաբաղյան խնդրում, քանզի Ադրբեջանը մեկը մյուսի հետևից մերժում էր միջնորդների առաջարկները: Ինչպես ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը, մենք ևս ափսոսում ենք, որ չնայած կոչին՝ հնչած 2011-ին Դովիլում, չնայած կազանյան գագաթնաժողովից սպասումներին, այդպես էլ որևէ դրական տեղաշարժ չեղավ՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Մեկ բան հստակ է՝ Ադրբեջանը ցանկանում է դուրս բերել բանակցային գործընթացը Մինսկի խմբի ֆորմատից և տեղափոխել այլ ֆորմատ, ցանկանում է փոխել միջնորդներին: Այդ երկրի համար այլևս սովորական է դարձել ետ կանգնել անգամ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից: Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը, որ պետք է մշակվեն հստակ մեխանիզմներ՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քննելու համար, Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ամեն ջանք գործադրեց այդ նախաձեռնությունը տապալելու համար: Ավելին, սպառնաց կիրառել վետո՝ ԵԱՀԿ-ի ընդհանուր բյուջեի նկատմամբ: Ադրբեջանը, հայտնի է, որ համառորեն հրաժարվում է նաև շփման գծից ետ կանչել դիպուկահարներին:
Հարգելի գործընկերներ, համանախագահողներն իրենց աշխատանքը կառուցում են երկու անչափ կարևոր ուղղություններով՝ հիմնարար սկզբունքներ և, որ նույնպես անչափ կարևոր է, վստահության մթնոլորտի ձևավորում: Վստահության մթնոլորտի ձևավորումը ենթադրում է խիստ կոնկրետ քայլեր, ինչի մասին ես խոսեցի: Կոնկրետ քայլեր անելը, ինչը կբերի վստահության մթնոլորտի կառուցմանն ու լարվածության թուլացմանը, Ադրբեջանին ձեռնտու չէ: Ավելին, այդ երկիրը գնում է լարվածության ակնհայտ մեծացման՝ ուռճացնելով իր ռազմական բյուջեն, առաջին դեմքերի մակարդակով սպառնալով պատերազմով: և եթե Ադրբեջանին թվում է, թե իր սպառնալիքներով որևէ մեկին կարող է վախեցնել, ապա դա իրենց հերթական մոլորությունն է: Ադրբեջանցի զինվորի ոգին մենք բազմիցս ենք տեսել: Հերթական անգամ այդ ոգին ողջ աշխարհը տեսավ Բուդապեշտում, երբ արդբեջանցի սպան գազանաբար կացնահարեց քնած հայ սպային: Ահա սա է իրական ադրբեջանական ոգին:
Հարգելի գործընկերներ, չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքոշորմանն ու քայլերին՝ Հայաստանը շարունակելու է իր ջաքներն ուղղել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների ու դրույթների վրա:
Եվ վերջում՝ դուք այստեղ խոսում եք Ղարաբաղի մասին՝ երբևէ չլինելով այնտեղ: Դուք չգիտեք, թե ինչպես են ապրում Ղարաբաղում մարդիկ, ինչ հոգսեր ու խնդիրներ ունեն: Մի՛ վախեցեք գնալ Ղարաբաղ: Գնացեք ու, վստահեցնում եմ, կտեսնեք խաղաղ ապրող ժողովուրդ, որը հետևողականորեն կառուցում է իր ժողովրդավարական ապագան: Կտեսնեք պետություն, ուր բավականին արդյունավետ աշխատում են իշխանության ինստիտուտները: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանից հետո, առանց որևէ լսումների էլ դուք կհասկանաք, որ Ղարաբաղի ակնախությանը չկա ու չի կարող լինել որևէ այլընտրանք»: