ԲՀԿ-ական պատգամավորը՝ ԱԻՆ-ի ներկայացուցչին. Պայմանագիր ունե՞ք երկնքի հետ
Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների փոխհատուցման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, թե հակակարկտային կայանների համար պատասխանատու է ԱԻՆ-ը, որի վերաբերյալ նիստում հնչեցված հարցերին պատասխանեց ԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:
Նա նախ հայտնեց, որ Հայաստանում իրենց ենթակայության տակ այսօր առկա է 154 հակակարկտային կայան՝ շուրջ 50 համայնքում, ապա պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցին:
ԲՀԿ-ական պատգամավորը հարցրեց. «Պայմանագիր ունե՞ք երկնքի հետ: Չէ՞ որ կարկուտը չգիտի՝ Ձեր մարզը որտեղ է սկսվում, որտեղ՝ ավարտվում, բա հետո ո՞վ պետք է պատասխան տա, որ կայանները չեն աշխատում, այն դեպքում, երբ գումար ենք վճարում»:
Սակայն ԱԻՆ ներկայացուցիչն այդպես էլ հստակ պատասխան չտվեց պատգամավորի հնչեցրած հարցադրմանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ Ռոբերտ Հովսեփյանին հարցրեց՝ արդյոք ԱԻՆ-ը որևէ հետազոտություն կատարե՞լ է, թե մարդկային գործոնն ինչքանո՞վ է ազդել կարկուտի հզորացմանը:
«Ձեր նախարարը շատ կրքոտ ձևով ասում էր, որ հնարավոր է անձրևաբեր ամպ է եղել, բայց կարկտային է դարձել: Ես այնպիսի մի շրջանից եմ, որտեղ կարկուտները հաճախակի են, բայց կես ժամանոց կարկուտ դեռ չէի տեսել, հիմա հնարավո՞ր է՝ մեկն էլ կարկտային ամպ է ստեղծել»,- հարցրեց Ն. Փաշինյանը:
Հովսեփյանն էլ պատասխանեց, որ իրենք որևէ ուսումնասիրություն չեն կատարել ու «այդ ամպն էլ չեն ուսումնասիրել», ինչը ծիծաղեցրեց ներկաներին: