Սոնա Տռուզյանը՝ Զարուհի Փոստանջյանի հայտարարության մասին. Նման ցածր նշաձողի պոռթկումները մեկնաբանելը հարիր չեմ համարում
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները՝ ուղղված Աղվան Հովսեփյանին, ասաց.
«Գլխավոր դատախազի կողմից պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում ձեռնարկված օրենքով սահմանված քայլերը հաճախ չեն համընկնում այս կամ այն քաղաքացու, պաշտոնատար անձի, քաղաքական գործչի շահերի հետ: Եվ գուցեև բնական է, որ յուրաքանչյուր պատեհ և անպատեհ առիթ փորձում են օգտագործել գլխավոր դատախազին «վիրավորելու» համար՝ խախտելով մարդկության հանրաճանաչ էթիկայի կանոնները: Մարդու առաքինության մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ՝ ըստ ամենօրյա գործերի: Նման ցածր նշաձողի պոռթկումները մեկնաբանելը հարիր չեմ համարում: Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց: Դարերի փորձություն անցած այս թևավոր խոսքի մասին մոռանալ պետք չէ»: