Բաժիններ՝

Վիդա Միցկիենե. Կարևոր է հասնել ԵՄ և ՀՀ մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը

ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը: Ձեռքբերված արդյունքներին անդրադառնալու, ինչպես նաև մաքսային բարեփոխումների հետագա ընթացքը քննարկելու նպատակով այսօր կայացել է գիտաժողով «ՀՀ մաքսային օրենսդրության արդիականացումը» խորագրով:

Թվինինգ ծրագրի փորձագետների աջակցությամբ արդեն իսկ մշակվել և ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել են մաքսային արժեքի և դասակարգման ընթացակարգերի վերաբերյալ երկու ուղեցույց, կայքում նաև ստեղծվել է առանձին ենթաբաժին, որտեղ և տեղադրվել են բողոքարկման բոլոր ընթացակարգերը: Ներկայում Թվինինգ ծրագիրը թևակոխում է մի նոր փուլ. առաջարկություններից և վերլուծություններից արդեն անցում է կատարվում կոնկրետ միջոցառումների իրագործմանը:

Ծրագրի ավարտին ակնկալվում է համակարգում կիրառել ԵՄ չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան մաքսային հսկողություն` ներառելով նախաբացթողումային մաքսային ձևակերպումների գործընթացում գտնվող հսկողության իրականացման և հետբացթողումային հսկողության ընթացակարգերը: Ծրագրով խնդիր է դրվել, տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների համար շոշափելի դարձնել մաքսային ոլորտում մեկնարկած բարեփոխումները:

Em

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է. «Վերջին տարիների ընթացքում Հայաստանի մաքսային ծառայությունը լուրջ բարեփոխումների փուլում է գտնվում, որոնք կրում են շարունակական բնույթ: Մաքսային համակարգի բարեփումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման և վճարների համակարգի, ինչպես նաև ամբողջական «Կանաչ ուղու» ներդրում: Նշված ուղղություններով արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն, հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերական բնույթը, մենք շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաև Եվրոպական Միությունը` խորհրդատվության տարբեր գործիքների միջոցով: ՊԵԿ-ում իրականացվող Թվինինգ ծրագրի ընթացքը բավականին խոստումնալից է, արդեն իսկ ձևավորվել է երկկողմանի աշխատանքային փոխհարաբերությունների ջերմ մթնոլորտ, համագործակցության մակարդակը ծրագրի միջոցով ևս մեկ աստիճան բարձրացվել է և լիահույս կարելի է նշել, որ այն ավելի կբարձրանա, իսկ Թվինինգ ծրագրի ավարտից հետո նոր որակի համագործակցությունը Լիտվայի և Ֆինլանդիայի մաքսային ծառայությունների հետ կշարունակվի»:

Ըստ Թվինինգի երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեի՝ ՀՀ օրենսդրությունն ու գործնական ընթացակարգերն անհրաժեշտ է վերանայել «ԵՄ և ՀՀ միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների շրջանակներում: «Կարևոր է հասնել ԵՄ և ՀՀ մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, ինչպես նաև մաքսային գործում ներմուծել եվրոպական չափանիշներ առևտրի դյուրացման նպատակով: Մեր ծրագրի նպատակն է ՀՀ մաքսային մարմնին ցուցաբերել կայուն աջակցություն, որը համահունչ է ԵՄ չափանիշներին և ծառայում է ՀՀ քաղաքացիների ու գործարար հանրության օրինական պահանջներին», – նշել է Վիդա Միցկիենեն:

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս