Սիրիա է հասցվել առնվազն մեկ С-300 զենիթա-հրթիռային համալիր. Իսրայելն անհանգստացած է
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանից Սիրիա է հասցվել առնվազն մեկ С-300 զենիթա-հրթիռային համալիր: Այսպես են կարծում իսրայելական աղբյուրները:
Այդ քայլը որակելով որպես «խաղի կանոնների փոխում»՝ Իսրայելի անվտանգության ուժերն անհանգստություն են հայտնում այն կապակցությամբ, որ սիրիական վարչակարգը մտադիր է այդ համալիրներն օգտագործել Լիբանանում գործող Իսրայելի ռազմաօդային ուժերի դեմ կամ էլ, որ դրանք կարող են հատկացվել Սիրիայի աջակցությունը վայելող «Հզբոլլահ» կազմակերպությանը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 16-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է Սիրիային С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումը, քանի որ երկկողմ պայմանագիրը ստորագրվել է նախքան այդ երկրում ռազմական իրադարձությունների սկսվելը:
Նախորդ շաբաթ էլ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ էր արել հրաժարվել Սիրիային С-300 զենիթա-հրթիռային համալիրներ հատկացնելուց:
Իսրայելը հատկապես մտահոգված է նրանից, որ С-300 զենիթա-հրթիռային համալիրներն ունակ են հաղթահարել իր ռազմաօդային ուժերի ինքնաթիռներում տեղակայված ինքնապաշտպանական համակարգը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Սիրիան արդեն իսկ սկսել է «Հզբոլլահին» С-200 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումը: