
Հզբոլլահը մոտ ժամանակներս Գոլանի բարձունքները կվերածի ռազմական գործողությունների խոշոր թատերաբեմի. մամուլ

Քուվեյթի al-Rai թերթի փոխանցմամբ՝ Սիրիան արդեն իսկ սկսել է «Հզբոլլահին» զենք մատակարարել, ինչը պետք է փոխի ուժերի հավասարակշռվածությունը տարածաշրջանում: Այս մասին թերթին հայտնել է «Հզբոլլահում» եղած բարձրաստիճան աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ կերպ սահմանափակել այդ հարցում Սիրիայի գործողությունները, ինչը մասնավորապես ակնառու է Սիրիային Իսրայելի հասցրած ավիահարվածներից հետո:
«Հզբոլլահը» կարծում է, որ Սիրիային ավիահարվածներ հասցնելով՝ Իսրայելն ինքն է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը և խախտել նախապես ձեռք բերված հրադադարի պայմանները:
Աղբյուրի հավաստիացմամբ՝ «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահն արդեն իսկ կարգադրել է հետախուզական ու օպերատիվ միջոցառումներ իրականացնել Հարավային Լիբանանում ու Գոլանի բարձունքների սիրիական հատվածում:
«Հզբոլլահը» ներկայումս տվյալներ է հավաքում սահմանամերձ գոտում տեղակայված իսրայելական զորամասերի և իսրայելական պարեկների տեղաշարժերի մասին: Աղբյուրը հավելել է, որ 1860 կիլոմետր քառակուսի կազմող Գոլանի բարձունքները մոտ ժամանակներս կվերածվեն ռազմական գործողությունների խոշոր թատերաբեմի:
Աղբյուրի խոսքերով՝ մոտ ժամանակներս «Հզբոլլահը» կստանա Панцирь-1 և С-200 Ангара շարժական զենիթա-հրթիռային համալիրներ, Корнет հակատանկային համալիրներ և Яхонт հականավային հրթիռներ: