
Ադրբեջանի խորհրդարանը հերքել է հայերի հետ համագործակցելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծ քննարկելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի մամլո ծառայությունը հերքել է «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» օրինագիծ մշակելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին տեղեկատվությունը նախորդ շաբաթ տարածել էին կառավարական մի շարք ԶԼՄ-ներ՝ մեջբերելով անգամ օրինագծի տեքստը:
Մասնավորապես, օրինագծով հասարակական կազմակերպությունների ու այլ կառույցների, ինչպես նաև Ադրբեջանի առանձին քաղաքացիների (բացառությամբ պաշտոնական պատվիրակությունների անդամների) համար նախատեսվում էր քրեական պատիժ՝ Հայաստանի հետ համագործակցելու դեպքում մինչև «տարածքների վերադարձ»:
Բացի այդ, օրինագծով նախատեսվում էր արգելել Ադրբեջանում այն օտար կազմակերպությունների ու քաղաքացիների գործունեությունը, որոնք համագործակցում են ԼՂՀ-ի իշխանությունների հետ:
Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը երեկ հերքել է այդ օրինագծի առկայությունը՝ ընդգծելով, որ խորհրդարանի ոչ մի հանձնաժողով չի քննարկել և չի քննարկում նման օրինագիծ: