Քաղաքապետին ճիշտ չեն զեկուցել
«Նախօրեին մայրաքաղաքում գրանցված առատ տեղումների հետևանքներն ամբողջությամբ վերացված են»,- այս մասին ազդարարում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությունը, հավելելով, որ այդ մասին «Երևանի քաղաքապետին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ»:
Սակայն, այն պահին, երբ քաղաքապետին զեկուցվում էր, թե մայրաքաղաքում ամեն ինչ արդեն կարգին է, Արաբկիրի թիվ 8 պոլիկլինիկայի անձնակազմն աշխատում էր ուղիներ փնտրել այցելուների նորմալ բուժսպասարկումն ապահովելու համար:
Բանն այն է, որ նախօրեի հորդ անձրեւի հետեւանքով հեղեղվել էր պոլիկլինիկայի նկուղային հարկում տեղակայված լաբորատորիան, ուստի հիվանդներին ստիպված էին լաբորատոր քննության համար ուղարկել համայնքի այլ պոլիկլինիկաներ:
Այս մասին քաղաքապետին, իհարկե չեն զեկուցել: Թե ինչու, զերծ կմնանք մեկնաբանություններից:
Փոխարենը քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալությանն են արժանացել բոլոր այն կառույցների և քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցները, որոնք «տեղումների հետևանքների վերացման նպատակով համակարգված և օպերատիվ կազմակերպել են փողոցների ու մայթերի ջրահեռացման և երթևեկության վերականգնման աշխատանքները»: