ԿԸՀ-ն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն՝ ընդդեմ «Բարև Երևան»-ի

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, այսօրվա որոշմամբ մերժել է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Հայցվորը դիմել էր Երևանի ավագանու` մայիսի 5-ի ընտրության արդյունքների վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` մայիսի 12-ի թիվ 112-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատաքննությանը որպես երրորդ անձինք ներգրավված էին Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ վերանայման։

Ըստ որոշման մեջ արձանագրված հայցվորի իրավական դիրքորոշման` մասնավորապես ընտրության ընթացքում տեղ գտած խախտումների մասին ձեռք բերված փաստական նյութի գնահատման արդյունքում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի կողմից մայիսի 10-ին մինչև ժամը 18։00-ն ԿԸՀ է ներկայացվել դիմում` Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին։ ԿԸՀ-ն մայիսի 11-ի՝ թիվ 107-Ա որոշմամբ մերժել է ներկայացված դիմումի հիման վրա վարչական վարույթ հարուցելը։

Մայիսի 12-ին ընդունվել է ԿԸՀ-ի` «Երևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրության արդյունքների վերաբերյալ» թիվ 112-Ա որոշումը։ Մինչդեռ, հայցվոր կողմն իրավաչափ չի համարում վիճարկվող որոշումը, քանի որ, հայցվորի կարծիքով, երբ 464 ընտրատեղամասերի ավելի քան 80 տոկոսում առկա են «վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող ընտրախախտումներ, անհնար է պատկերացնել, որ համատարած ապօրինության այդ մթնոլորտում կայացել է ընտրություն։ Լավագույն դեպքում կայացել է ընտրախախտումներով մթագնած քվեարկություն»։

ԿԸՀ-ն խնդրել էր հայցը մերժել՝ պնդելով, որ վիճարկվող որոշումն իրավաչափ է:

Երրորդ անձ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները դատաքննության ընթացքում առարկել էին հայցի դեմ` փաստարկելով, որ ԿԸՀ-ի որոշումն իրավաչափ է, այն անվավեր ճանաչելու որևէ հիմք առկա չէ, ինչը նշանակում է, որ հայցն անհիմն է և մերժման ենթակա։ Դատարանը ևս եկավ եզրահանգման, որ ներկայացված հայցն անհիմն է և մերժման ենթակա։

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս