Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու Ալի Աքբար Սալեհիի միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են երկկողմանի հարաբերությունների տարբեր ասպեկտներ, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ, քննարկվել է Ալլահշուքյուր Թաշազադեի իրանական այցն ու ապրիլի 30-ին Թավրիզում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալման հարցը:
Իրանի արտգործնախարարը ցանկություն է հայտնել մոտ ժամանակներս պաշտոնական այցով ժամանել Ադրբեջան: Նա հայտարարել է, որ Իրանը ցանկայում է մայիսի 29-ին Թեհրանում անցկացնել Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս և Ադրբեջանի արտգործնախարարին հրավիրել է մասնակցել դրան: