Նախիջևանը փոքր Թուրքիան է. Վասըֆ Թալիբով
Թուրքական Bugün թերթին տված հարցազրույցի ժամանակ Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասըֆ Թալիբովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ցուցաբերած աջակցության համար.
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայում Նախիջևանը ընկալեն որպես փոքր հայրենիք: Վերջին 20 տարում մենք մշտապես զգացել ենք Թուրքիայի աջակցությունը և նրան վերաբերել ենք որպես հարազատ երկրի: Թուրքիայի հետ մեր հարաբերություններն ավելին են, քան պարզապես եղբայրական հարաբերություններ»:
Թալիբովը պատմել է նաև վերջին տարիներին ինքնավարության ունեցած ձեռքբերումների մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը ժամանակին Նախիջևանը որակել է որպես «դեպի թուրք-իսլամական աշխարհ բացվող դուռ»: 1992 թվականի մայիսին Արաքս գետի վրա կառուցվեց «Հասրեթ» (թարգմանաբար` կարոտ) կամուրջը, որով Նախիջևանի ինքնավար հանրապետությունը ցամաքային կապ հաստատեց Թուրքիայի հետ:
Ադրբեջանցիներն այդ կամուրջն անվանում են նաև «Հույսի կամուրջ»: Կամրջի կառուցումը տևել է մոտ մեկ տարի և արժեցել է մոտ 2 միլիոն դոլար: Կամրջի բացման արարողության ժամանակ Թուրքիայի՝ տվյալ ժամանակվա վարչապետ Դեմիրելը հայտարարեց. «Այս կամրջի բացմամբ վերջ տրվեց 70-ամյա կարոտին: Թուրքիան և Նախիջևանը «գրկախառնվեցին» միմյանց»: