Տիգրան Սարգսյանը՝ Վահան Հովհաննիսյանին. «Նենց որ մենք մի նավի մեջ ենք, պարոն Հովհաննիսյան»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն Ազգային Ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Դուք մեղմ կերպով ինքնաքննադատական խոսքեր ասացիք Ձեր ելույթում, բայց մենք ականատես ենք լինում բազմաթիվ բացթողումների, որոնք հնարավոր չէ թաքցնել: Ո՞վ է կրում պատասխանատվություն բացթողումների համար, որ ԱԺ-ն վստահ լինի, որ մենք ականատես կլինենք պատասխանատվություն կրելու այդ պրոցեսին»:
Ի պատասխան հնչեցրած հարցի` Տիգրան Սարգայանը նշեց, որ եթե լինենք օբյեկտիվ` կնկատենք, որ պատասխանատվության մասով, ամենախոշոր բացահայտումը պաշտոնյաների կողմից եղել է սոցիալական ապոհովության ոլորտում, որտեղ ձևավորված համակարգը «արատավոր պրակտիկա» էր ստեղծել:
«Գիտեք, որ մեր կուսակցության անդամը ձերբակալված է, նրա հետ միասին ձերբակալված են պաշտոնատար մի քանի անձինք ևս: Նմանատիպ բացահայտման օրինակ ունենք ոստիկանության բարձրաստիճան անձանց հետ կապված: Ես հասկանում են, որ մեզնից պահանջում են ավելի տեսանելի բացահայտումներ, բայց երբեմն մենք տեսնում ենք պոպուլիզմ, ինչը, կարծում եմ, վտանգավոր է»:
Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ բացահայտումները հեշտ լուծելի խնդիր չեն, բայց, հավաստիացրեց, որ իրենք շարունակելու են այդ ուղղությամբ գործընթացները:
Վարչապետը նաև շեշտեց, թե իրենց քննադատելուն զուգընթաց, պետք է «ունենաք նաև համարձակություն՝ բացահայտելու ձեր բացթողումները, որի արդյունքում հասարակության վստահությունը կորցրել եք»:
Դիմելով Վահան Հովհաննիսյանին վարչապետը նաև նշեց. «Նենց որ մենք մի նավի մեջ ենք, պարոն Հովհաննիսյան»: