Ստեփան Սաֆարյան. Այս իշխանությունը 5 տարի չի ձգելու

«Այսպիսի բան, անկեղծ ասած, ես վերջին տարիներին չեմ հիշում, որ իշխող կուսակցությանը համատարած չվստահեն, իսկ ավելի ստույգ` նույնիսկ ատեն քաղաքական դաշտի բոլոր անկյուններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ում կարծիքով` այն եղանակը, որով իշխանությունն իրեն վերարտադրեց թե´ նախագահական, թե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, դժվար է անվանել այլ բան, քան «անվանական, նոմինալ հաղթանակ»:

«Նման իշխանությունը, որպես կանոն, երկար չի կարող գոյատևել, քանի որ չունի հասարակական աջակցություն, և նաև չկա քաղաքական աջակցություն, այսինքն` իշխող կուսակցության հակառակորդներն ամենապատեհ առիթն օգտագործելու են նրան տապալելու համար»,- նշեց Ս.Սաֆարյանը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ առաջացել է վակում իշխանության և հասարակության միջև, և հասարակությունը չի ընդունում իր վրա տարածվող ռեժիմի իշխանությունը, այդ պատճառով ամենափոքրիկ իրադարձությունը` թե´ արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ, չափազանց մեծ ռեակցիա է ստանում հասարակության կողմից:

«Այս համակարգը նման է մի ժանգոտած մեխանիզմի, որն այլև չի կարողանում առաջ շարժել պետությանը և հասարակությանը,- ասաց Ս.Սաֆարյանը` ավելացնելով,- Կարծում եմ` իրավացի են այն գնահատականները, որ այս իշխանությունը 5 տարի չի ձգելու»:

Կարդացեք նաև

Իսկ իշխանության փոփոխությունը, ըստ Ստեփան Սաֆարյանի, լինելու է շատ անսպասելի, քանի որ առաջիկայում չկան ընտրություններ:

Հարցին` ինչպե՞ս պետք է տեղի ունենա այդ իշխանափոխությունը` ընտրական գործընթացներից դուրս, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ հասարակությունն ընդամենը ունի լավ ինքնակազմակերպման անհրաժեշտություն, քանի որ ամենափոքրիկ իրադարձությունը կարող է լուրջ զարգացումների առիթ դառնալ:

«Իհարկե, չեմ ուզում իմ ասածը կապել օրեր առաջ տեղի ունեցածի հետ, բայց, համենայն դեպս, հայ զինվորի սպանությունը և դրա նկատմամբ հասարակական ռեակցիան ցույց տվեց անկայունության աստիճանը: Երբ թաղմանը մասնակցել բացարձակապես չցանկացող իշխանավորները հանկարծ ստիպված են լինում հասնել` բացելու համար մայրուղին կամ կանխելու համար Երևան եկող բողոքավորներին… նրանք իշխանություն չէին պահանջում, նրանք իշխանության համար կռիվ չէին տալիս, բայց մի ընտանիք,  մի գյուղ ստեղծեց մի իրավիճակ, որ, ըստ էության, իշխանությունը շատ անհամաչափ արձագանքեց տվյալ իշխանությանը: Սա ընդամենը մի օրինակ է` ցույց տալու համար, որ համակարգը, թվացյալ կայունության ներքո, չափազանց անկայուն է»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս