Մայիսի 22-ին տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-ին ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախաար Դավիթ Զալկալիանին:
Վերջինիս խոսքերով՝ նիստը տեղի է ունենալու դեսպանների մակարդակով: Նիստում քննարկվելիք գլխավոր թեման լինելու է Հյուսիսատլանտյան խորհրդի վրացական այցի նախապատրաստումը:
Բացի այդ, քննարկվելու է Ժնևյան բանակցությունների ընթացքը և ռուս-վրացական հարաբերությունների հարցը: Զալկալիանիից բացի, նիստին մասնակցելու է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին` որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: