Իրանն ազատ է արձակել Ադրբեջանի քաղաքացիներին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի գրականագետ Խալիդա Խալիդն ու նրա վարորդ Շամխալ Հուսեյնովը երեկ ազատ են արձակվել իրանական բանտից: Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները, որոնց տվյալներով Ադրբեջանի քաղաքացիները հայրենիք կուղարկվեն մոտ ժամանակներս:
Իրանական աղբյուրները չեն հայտնել, թե ինչի հիման վրա են ազատ արձակվել ձերբակալվածները, սակայն կարելի է ենթադրել, որ դա եղել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի և Իրանի առաջնորդների՝ Ալի Խամենեիի ու Մահմուդ Ահմադինեժադի միջև անցկացված հանդիպումների արդյունք:
Խալիդա Խալիդն ու նրա վարորդը Թավրիզում ձերբակալվել են ապրիլի 30-ին, ինչից հետո Ադրբեջանը երկու անգամ բողոքի նոտա է հղել Իրանին: