Բաժիններ՝

Վերջին շաբաթը դարձավ Օբամայի ողջ նախագահության ժամանակաշրջանի ամենածանր շաբաթներից մեկը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերի քաղաքական սկանդալներն ազդել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշի վրա: Այս մասին են վկայում երեկ CNN հեռուստաալիքի և ORC ընկերության անցկացրած հարցախույզները:

Վերջին շաբաթը դարձավ Օբամայի ողջ նախագահության ժամանակաշրջանի ամենածանր շաբաթներից մեկը: Օբամայի վարչակազմը ստիպված եղավ արդարանալ Բենղազիում (Լիբիա) ԱՄՆ դեսպանատան 4 աշխատակիցների զոհվելու, ինչպես նաև ընդդիմադիր խմբերին հարկային ընտրովի ստուգման ենթարկելու և Associated Press լրատվական գործակալության աշխատակիցներին գաղտնալսելու համար:

Հարցումների համաձայն, Օբամայի գործունեությունը հավանության է արժանացնում հարցման մասնակիցների 53 տոկոսը, իսկ 45 տոկոսը հավանության չի արժանացնում այն: Բացի այդ, CNN-ի հարցման մասնակիցների ավելի քան 70 տոկոսը նշել է, որ գոհ է աջակողմյան ակտիվիստների նկատմամբ ընտրովի ստուգման ենթարկելու կապակցությամբ Օբամայի տված պարզաբանումներից:

55 տոկոսը կարծում է, որ հարկային տեսչության աշխատակիցները գործել են ինքնուրույն, իսկ 37 տոկոսի կարծիքով՝ դա արվել է Օբամայի ցուցումով: Միայն 42 տոկոսն է աջակցում Բենղազիի ահաբեկչությանն Օբամայի վարչակազմի արձագանքին:

52 տոկոսն անընդունելի է համարել լրագրողներին գաղտնալսելը, իսկ 43 տոկոսը թույլատրելի է համարել Արդարադատության նախարարության այդ գործողությունները:
Հարցումներն անցկացվել են մայիսի 17-18-ին՝ հեռախոսային հարցազրույցի մեթոդով: Դրանց մասնակցել է ԱՄՆ-ի 923 չափահաս բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս