Իրանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները վատթարացնել փորձող ուժերը «սատանայի ծառաներ» են. Ահմադինեժադ
Ադրբեջանական ANS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրան մեկնած Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Հանդիպման ժամանակ Փաշազադեն հայտարարել է, որ Ադրբեջանը մշտապես շահագրգռված է Իրանի հետ «բարեկամական ու եղբայրական կապերի» ամրագրման մեջ: Փաշազադեն շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Ադրբեջանին ցուցաբերած օգնության համար, ինչը «մասնավորապես վերաբերում է» Ղարաբաղյան հիմնախնդրին:
Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին «սատանայի ծառաներ» է որակել այն ուժերին, որոնք փորձում են վատթարացնել Իրանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները՝ ընդգծելով, որ նրանք չեն հասնի իրենց երազանքին.
«Իրանը ցանկանում է Ադրբեջանի զարգացում ու ամրապնդում: Վստահ եմ, որ Ադրբեջանը նույնն է ցանկանում Իրանին: Ադրբեջանական ժողովուրդն ու պետությունն իմ սրտում են, և ոչ ոք չի կարող հանել այնտեղից: Վստահ եղեք, որ Իրանն ու Ադրբեջանը մշտապես հենասյուն կլինեն միմյանց:
Մյուս երկրների հետ հարաբերություններից իրանա-ադրբեջանական հարաբերություններն առանձնանում են կրոնով, եղայրությամբ ու սիրով: Վստահ եմ, որ Իլհամ Ալիևի իմաստությունը կծառայի այդ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը»: