Նոր տեսահոլովակ՝ Լուարայի կողմից (տեսանյութ)
«Մանկական Եվրատեսիլ 2009»-ում «Բարսելոնա» երգով երկրորդ տեղը զբաղեցրած երգչուհի Լուարա Հայրապետյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը: «Story» կոչվող երգի տեսահոլովակի ռեժիսորը Միհրան Կիրակոսյանն է:
«Սա երկրորդ երգն ու երաժշտությունն է, որը մենք պատրաստում ենք Լուարայի համար: Առաջին երգը կոչվում էր «Fire in Me», որը նրա՝ ԱՄՆ-ի երաժշտական աշխարհ մտնելու նոր սկիզբն էր: Մենք ցանկանում էինք նկարահանել տեսահոլովակ, որը ցույց կտար Լուարայի ոչ միայն երգեցողության, այլև պարելու կարողությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տեսահոլովակի ռեժիսոր Միհրան Կիրակոսյանը:
Վերջինս նշեց, որ «Story» երգի տեսահոլովակը տարբերվում է «Fire in Me» երգի տեսահոլովակից: «Այն ներկայացնում է Լուարայի` դաշնամուր նվագելու և դերասանական կարողությունները: Ես ցանկանում էի առաջին տեսահոլովակից տարբերվող տեսահոլովակ նկարահանել, որպեսզի ցույց տայի Լուարայի մնացած տաղանդները: Տեսահոլովակը ներկայացնում է հետաքրքիր մի պատմություն: Կարծում եմ` մարդիկ տեսահոլովակից և երգից իսկապես հաճույք կստանան»,- հավելեց Միհրան Կիրակոսյանը: