Բաժիններ՝

Աշխարհի 10 ամենազարմանահրաշ շատրվանները. Forbes

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է աշխարհի 10 ամենազարմանահրաշ շատրվանների ցուցակը:

1. «Լուսնային ծիածան» շատրվան, Սեուլ (Հարավային Կորեա) – Սա կամրջի վրա գտնվող ամենաերկար շատրվանն է: Մինչև 2008 թվականը Սեուլի Բանպո կամուրջը, որը միմյանց է կապում Խան գետի ափերը, քիչ բանով էր տարբերվում մյուսներից:

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց այն բանից հետո, ինչ նրանում հայտնվեց «Լուսնային ծիածան» արտասովոր շատրվանը: Կամուրջն անմիջապես վերածվեց քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկի և անգամ հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում:

Կամուրջը շատրվանի վերածելու (կամրջի դերը պահպանվեց) գաղափարը պատահական չէր, դա իրականացվեց այն մասշտաբային նախագծի շրջանակներում, որը կոչված էր զբոսաշրջիկների աչքում վերականգնել Սեուլի գրավչությունը:

Մեկ րոպեում շատրվանի շիթերով անցնում է 190 տոննա ջուր: Բացի այդ, լուսարձակները ջրի շիթերը գեղեցկացնում են ծիածանի բոլոր գույներով: «Լուսնային ծիածան» շատրվանն ունի նաև բնապահպանական դեր. դրանով անցնող գետի ջուրը գետ է վերադառնում արդեն մաքրված վիճակում:

1

2. Ֆահդ թագավորի շատրվան, Ջիդդա (Սաուդյան Արաբիա) –  Ֆահդ թագավորի շատրվանը կամ պարզապես Ջիդդայի շատրվանն աշխարհի ամենաբարձր շատրվանն է: Այն կառուցելու գաղափարը քաղաքային իշխանությունների մոտ ի հայտ է եկել 1980-ական թվականների սկզբին:

Քաղաքին անհրաժեշտ էր ունենալ գլխավոր տեսարժան վայր, և ընտրությունը կանգ առավ շատրվանի վրա: Երբ շատրվանը բացվեց 1983 թվականին, ջրի շիթերի բարձրությունը կազմեց 120 մետր: Սակայն դա քիչ թվաց քաղաքային իշխանություններին: Նախագիծը վերամշակվեց, և երկու տարի անց այդ ցուցանիշը հասցվեց 312 մետրի:

Գլխապտույտ բարձրությունից բացի, շատրվանն ուշագրավ է նաև նրանով, որ գտնվում է ծովում, ինչը բավական բարդ է ինժեներային տեսանկյունից: Ջիդդայի շատրվանը գործում է անդադար, բացառություն է արվում միայն երկու դեպքում՝ պլանային ստուգում և ուժգին քամի:

2

3. Dubai Fountain շատրվանային համալիր, Դուբայ (ԱՄԷ) – Դուբայի իշխանությունները սիրում են երևակայական թռիչքներով զարմացնել զբոսաշրջիկներին, ինչի մասին է վկայում աշխարհի ամենաբարձր շենքի, հսկայական օվկիանոսարիումի, վիթխարի duty free-ի կառուցումը:

2009 թվականին քաղաքում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և թանկարժեք շատրվանի, առավել ճշգրիտ ասած՝ մի ամբողջ շատրվանային համալիրի պաշտոնական բացումը: Այն գտնվում է արհեստական լճում, իսկ մշակել է կալիֆոռնիական WET ընկերությունը, որը մինչ այդ Լաս Վեգասում ստեղծել է Bellagio հայտնի շատրվանը:

Դուբայի շատրվանային համալիրն իր մեծությամբ հավասար է ֆուտբոլային երեք մարզադաշտի, դրա կառուցման վրա ընդհանուր առմամբ ծախսվել է ռեկորդային՝ 218 միլիոն դոլար: Բացումից հետո Dubai Fountain-ը համալրեց աշխարհի պարող շատրվանների ցանկը:

Նրա երգացանկում առկա է դասական, արաբական ու փոփ երաժշտություն և յուրաքանչյուր մեղեդու տակ շատրվանը «կատարում» է առանձնակի պար: Գիշերային ժամանակ լույսային շոուն տեսանելի է մինչև 30 կիլոմետր հեռավորությունից: Ասում են, թե այն կարելի է դիտել անգամ տիեզերքից:

3

4. Թագ շատրվան, Չիկագո (ԱՄՆ) – 2004 թվականին Չիկագոյի Millennium զբոսայգում բացվեց արտասովոր արվեստի օբյեկտ, որն իրենում միավորեց ինտերակտիվ շատրվանն ու տեսաքանդակը: Այն աշխարհի ամենաինտերնացիոնալ շատրվանն է: Նախագծի հեղինակը կատալոնցի նկարիչ Ժաումե Պլենսան է, որի մտահղացմամբ՝ կառուցվեց երկու 15 մետրանոց աշտարակների տեսքով շատրվան:

Այդ աշտարակները պատվեցին LCD էկրաններով, որոնցում պատկերված են Չիկագոյի բնակիչները: Հասարակ քաղաքացիների դեմքերը ցույց տալու որոշումը պատահական չէր, այն միտված էր «քաղաքի բազմազանությունը» ի ցույց դնելուն: Այդ նպատակով 75 հասարակական ու կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ ներկայացրին իրենց թեկնածուներին, որոնց կերպարներն օգտագործվեցին շատրվանի աշխատանքներում:

Հետաքրքիր է, որ ժամանակ առ ժամանակ այս կամ այն քաղաքացու շուրթերում հայտնվում է ձողիկ, որից ջուր է հորդում հանդիսատեսի վրա: Սկզբնական շրջանում այս շատրվանն անվանեցին Millennium զբոսայգու ամենավիճելի կառույց, սակայն ժամանակի ընթացքում հարմարվեցին նրան և անգամ սիրեցին այն:

4

5. Պետերգոֆի շատրվաններ, Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան) – Պետերգոֆի շատրվանների կասկադն անվանում են աշխարհի ամենաշքեղ և նրբին շատրվաններից մեկը: Պետերգոֆյան շատրվանների ստեղծման գաղափարը պատկանում է Պետրոս I-ին, ով կարգադրել է Ֆիննական ծոցի ափին կառուցել ապշեցուցիչ շատրվանային համալիր:

Դրա կառուցման աշխատանքները տևեցին ավելի քան 100 տարի, ինչի արդյունքում Մեծ կասկադն ունեցավ 64 շատրվան, 255 քանդակ և բազմաթիվ այլ գեղանկարչական տարրեր: Պետերգոֆի շատրվաններին ամենամեծ վնասը պատճառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Այն ժամանակ չհաջողվեց տարհանել համալիրի 4 ամենամեծ քանդակները («Самсон», «Тритоны», «Волхов», «Нева»), ինչի հետևանքով դրանք անհետացան: Սակայն ավելի ուշ դրանք վերականգնվեցին պահպանված լուսանկարների շնորհիվ: Մեծ կասկադի վերջին մասշտաբային վերականգնումը, որը տևել է 7 տարի, ավարտվել է 1995 թվականին:

5

6. Հարստության շատրվան, Սինգապուր (Սինգապուր) – Այս շատրվանը կառուցված է ֆեն-շույի (Feng shui) հիման վրա: «Ոտքերով օղաբլիթի» կամ «բասկետբոլային զամբյուղի» նման այդ շատրվանը 1998 թվականին ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ շատրվան: Սակայն ավելի ուշ այն զրկվեց տվյալ տիտղոսից: Իրականում կառույցի դիզայնը խորհրդանշական է:

Շատրվանի 4 հենասյուները համապատասխանում են Սինգապուրի 4 ժողովուրդներին ու 4 գլխավոր կրոններին, իսկ օղակը մարմնավորում է հնդկական Մանդալա սուրբ խորհրդանիշը և ապահովում է միասնություն ու խաղաղություն: Որպես նյութ` ընտրվեց բրոնզը, քանի որ չինական հավատալիքներով՝ բրոնզի ու ջրի համակցությունը ճանապարհ է հարթում դեպի հաջողություն:

Սինգապուրցիները վստահ են, որ եթե ժամի սլաքի ուղղությամբ երեք պտույտ գործեն փոքրիկ շատրվանի շուրջ՝ մեկ ձեռքը ջրում իջեցրած վիճակում, ապա դա կբերի հաջողություն և բարեկեցություն: Ի դեպ, հատուկ այդ նպատակով, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան անել դա, օրական երեք անգամ անջատում են շատրվանը:

6

7. Bellagio շատրվան, Լաս Վեգաս (ԱՄՆ): Սա Ամերիկայի ամենահայտնի պարող շատրվանն է: ԱՄՆ-ի ամենամոլի և ծախսատար քաղաք Լաս Վեգասում կա կատարելապես անվճար մեկ տեսարժան վայր, որն իր հանրաճանաչությամբ կարող է մրցակցել ԱՄՆ խաղային մայրաքաղաքի հանրահայտ խաղատան հետ:

Խոսքը գնում է Bellagio պարող շատրվանի մասին, որը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում ու սերիալներում: Bellagio շատրվանը գործարկվել է 1998 թվականի հոկտեմբերի 15-ին՝ հարևանությամբ գտնվող նույնանուն անվանմամբ հյուրանոց-խաղատան բացման օրը: Շատրվանի կառուցումն արժեցել է 40 միլիոն դոլար:

Զբոսաշրջիկները գալիս են շատրվանի մոտ՝ դիտելու համար ամենօրյա ներկայացումներ, որոնք անցնում են դասական երաժշտության, ինչպես նաև Էլթոն Ջոնի, Մադոննայի ու Ուիթնի Հյուսթոնի կոմպոզիցիաների ներքո: Շատրվանի հետ կապված է նաև ռոմանտիկ լեգենդ. ասում են՝ եթե սիրո խոստովանություն արվի Bellagio շատրվանի մոտ, ապա ամուսնությունը կլինի մնայուն ու երջանիկ:

7

8. Գոլորշի արձակող շատրվաններ, Օսկա (Ճապոնիա) – Սրանք ամենաօդային շատրվաններ են: Արդեն իսկ հինգերորդ տասնամյակն է, ինչ Օսակա ժամանող զբոսաշրջիկները հիանում են այդ արտասովոր շատրվաններով: Թվում է, թե այդ շատրվանները կախված են օդում: Դրանց ստեղծման գաղափարը պատկանում է ճապոնական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ Իսամու Նոգուտիին, իսկ բացումը նվիրված է եղել 1970 թվականին Օսակայում Համաշխարհային ցուցահանդեսին:

Շատրվանների գաղտնիքը կայանում է նրա հենարանի մեջ, որը թաքնված է ջրի տակ և ընդ որում՝ կատարելապես թափանցիկ է, ինչի համար էլ ստեղծվում է պատրանք, թե կառույցը պահվում է ջրի ճնշման շնորհիվ և գոլորշի է արձակում երկրի վրա: Չնայած նրան, որ շատրվանները կառուցվել են ավելի քան 40 տարի առաջ՝ դրանք նախկինի նման թվում են արդյունավետ և ժամանակակից:

8

9. Սնդիկավոր շատրվան, Բարսելոն (Իսպանիա) – Սա ամենաթունավոր շատրվանն է աշխարհում: Թվում է, թե Բարսելոնի Joan Miro հիմնադրամ-թանգարանում պահվող ոչ մեծ շատրվանը չի առանձնանում որևէ յուրահատուկ բանով: Սակայն իրականում այն եզակի է իր տեսակում: Շատրվաններին բնորոշ ջրի փոխարեն, դրանով հոսում է սնդիկ, ինչը միակ մետաղն է, որը հեղուկ վիճակը պահպանում է սենյակային ջերմաստիճանի դեպքում:

Սնդիկավոր շատրվանի հեղինակն ամերիկացի քանդակագործ Ալեքսանդր Կոլդերն է, ով դրա ստեղծման պատվերը ստացել է Իսպանիայի հանրապետական կառավարությունից: Առաջին անգամ շատրվանը հանրությանը ցուցադրվել է 1937 թվականին՝ Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ: Ապա այն տեղափոխեցին Բարսելոն:

Սկզբնական շրջանում շատրվանի այցելուների համար չէին ձեռնարկվել զգուշավորության որևէ միջոց: Եվ միայն 1950-ական թվականներին, երբ ապացուցվեց սնդիկի ու նրա գոլորշու թունավոր լինելը, շատրվանը տեղակայվեց պաշտպանիչ սարկոֆագում: Այսօր այն որևէ վտանգ չի ներկայացնում դիտման համար:

9

10. Trevi շատրվան, Հռոմ (Իտալիա) – Սա ամենաշատ հաճախելիություն ունեցող շատրվանն է աշխարհում: Հռոմը հաճախ անվանում են շատրվանների մայրաքաղաք, որոնց արքան լեգենդար Trevi-ն է, որը հանդիսանում է Իտալիայի մայրաքաղաքի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը:

Դրա տպավորիչ կոմպոզիցիան ստեղծվել է 1732-1762 թվականներին, ճարտարապետ Նիկոլա Սալվիի կողմից: Սակայն իրականում ներկայիս վայրում շատրվանը գոյություն է ունեցել Հին Հռոմի ժամանակներից: 20-րդ դարում Trevi-ն դարձավ իրական հայտնություն, այն նկարահանվեց բազմաթիվ ֆիլմերում: Բացի այդ, շատրվանի հետ կապված կան մի շարք հավատալիքներ:

Օրինակ, այնտեղ մետաղադրամ նետողին անպայմանորեն սպասվում է վերադարձ Հռոմ, երկու մետաղադրամ նետողին՝ սիրային հանդիպում, երեք մետաղադրամ նետողին՝ հարսանիք, չորս մետաղադրամ նետողին՝ հարստություն, հինգ մետաղադրամ նետողին՝ ամուսնալուծություն: Զարմանալի չէ, որ դա շատրվանին հնարավորություն է տվել հավակնել աշխարհի ամենաշահութաբեր շատրվաններից մեկի տիտղոսին: Նրա տարեկան եկամուտը քաղաքի գանձարանը համալրում է մոտ 700.000 եվրոյով:

10

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս