Բաժիններ՝

«Սամվել Մայրապետյանի դեմ ոչ թե խաղ չկա, այլ՝ ընդհանրապես խաղ չկա»

Ասում է հյուրանոցային համալիրի կառուցապատումից տուժած քաղաքացին

Գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊԸ-ն Պուշկին 14 հասցեում կառուցում է մի հսկայական հյուրանոցային համալիր, որը հարակից տարածքի սեփականատերերի իրավունքների կոպիտ խախտման հերթական դասական օրինակներից է: «ԼոկալԴիվելոփերզ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող հյուրանոցային համալիրի շինաշխատանքների համար հիմք է հանդիսացել քաղաքապետի կողմից 2012թ. նոյեմբերի 20-ին համաձայնեցված թիվ 01/18-05/2-48744-1158 նախագծի և 2012թ. նոյեմբերի 20-ին տրված թիվ 01/18-48745-11117 շինարարության թույլտվությունը: Թե ինչպե՞ս է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ս. Մայրապետյանին տվել շինթույլտվություն՝ այլոց իրավունքների, անվտանգության նորմերի խախտման պայմաններում, թերևս, չարժե քննարկել:

Աբովյան փողոցի թիվ 3 և թիվ 3/1 հասցեում գտնվող «Պատմամշակութային հուշարձան» հանդիսացող շենքերին կից «Լոկալ Դիվելոփերզի» շինարարությունը, իսկ առաջիկայում` հյուրանոցային համալիրն իր գոյությամբ, ոչ միայն խախտում է անվտանգության նորմերը, այլ նաև՝ խիստ վթարային իրավիճակ է ստեղծել: Բանն այն է, որ պետական համապատասխան կառույցներից տրված փաստաթղթերով հիմնավորվում է, որ հյուրանոցային համալիրը կառուցվում է անվտանգության նորմերի կոպիտ խախտումներով, բայց հարակից տարածքի սեփականատերերի համար ստեղծվել է իրավունքների պաշտպանության փակուղի, քանի որ Ս. Մայրապետյանն իր լծակներով ազդում է բոլոր այն կառույցների վրա, որտեղ դիմում են տարածքի թվով 7 համասեփականատերերը:

Մեր ձեռքի տակ է գտնվում Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանի կողմից տրված գրությունը, որտեղ ասված է. «Տեղում ուսումնասիրությունից պարզվել է, որ նախագծի մշակման և համաձայնության գործընթացում հաշվի չի առնվել ՀՀ գործող քաղաքաշինական նորմերը՝ խախտվել է Աբովյան փողոցի թիվ 3 շենքից նորմատիվային հեռավորությունը ՍՆԻՊ 2.07.01-89, կետ 2.12 և հակահրդեհային 1 կետի պահանջը, ըստ որի՝ կախված շենքերի հարկայնության աստիճանից, բնակելի, հասարակական նշանակության շենքերի միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունը պետք է կազմի 6-15 մետր, որից հետևում է, որ տեղում կատարվող շինարարությունը հակասում է ՀՀ գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին»:

Կարդացեք նաև

Ավելին՝ Մ. Մինասյանը նաև նշել է, որ հյուրանոցային համալիրի նախագիծը չի քննարկվել Երևանի քաղաքաշինական խորհրդում: Նշենք, որ հյուրանոցային համալիրի և հարակից շենքերի միջև պահպանված տարածությունը համաձայն հակահրդեհային միջտարածության սահմանված 6-15 մետրի փոխարեն` ընդամենը կազմում է 80սմ, որն առաջիկայում աղետալի երևույթների պատճառ է հանդիսանալու: Հավելենք նաև, որ «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող հյուրանոցային համալիրի անվտանգության նորմերի խախտման վերաբերյալ փաստաթուղթ տրամադրվել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

«Պուշկինի 14 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներով խախտվել է ՀՀ գործող «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմերի պարտադիր հավելվածի 1-ին «Հակահրդեհային պահանջներ» բաժնի 1-ին կետի պահանջը, ըստ որի` կախված շենքերի հարկայնության աստիճանից` բնակելի, հասարակական նշանակության շենքերի միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունը պետք է կազմի 6-15 մետր»,- 2013թ. հունվարի 11-ին այս գրությունը տրվել է ԱԻՆ Աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Մելիքյանի կողմից: Այսպիսով, Աբովյան 3/1, 3 հասցեի սեփականատերերը, ունենալով հյուրանոցային համալիրի շինարարության անօրինականությունը հաստատող բոլոր փաստաթղթերը, այնուամենայնիվ, չեն կարողանում իրավիճակը վերահսկել, քանի որ համապատասխան կառույցներն առկա փաստաթղթերն ընդունելով որպես ի գիտություն՝ շինարարական աշխատանքների կասեցման հանձնարարական չեն իջեցնում: Ընդ որում՝ այս անօրինական գործողությունների մասին տեղյակ են ինչպես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոնց սեղանին նաև դրված է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս. Հայրապետյանի եզրակացությունը, համաձայն որի՝ «Ուսումնասիրությունից պարզվել է, որ նախագծի մշակման և համաձայնեցման գործընթացում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ապահովագրված չէ հարևանությամբ գտնվող՝ Աբովյան փողոցի թիվ 3 շենքից նորմատիվային հեռավորությունը, ինչը ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերի խախտում է»:

Mayrapetyan (2)

Այսինքն՝ ՀՀ իշխանությունները քաջատեղյակ լինելով գործարար Ս. Մայրապետյանի անօրինական գործունեությանը, ոչ միայն չեն արձագանքում, այլև՝ աջակցում են գործարարի կողմից օրենքների ու անվտանգության նորմերի կոպիտ խախտումներին: Դրա վկայությունն են հարակից տարածքի սեփականատերերի բազմաթիվ դիմում-նամակները, որոնք ուղղվել են նախագահին և վարչապետին, սակայն մնացել են անպատասխան: Ստացվում է՝ գործարար Ս. Մայրապետյանն արտոնյալ վիճակում է. նա կարող է խախտել օրենքները, Կառավարության որոշումները, հաստատված անվտանգության նորմերըգ
Աբովյան 3 հասցեի սեփականատեր Վլադիմիր Բեջանյանն այլևս չի հավատում, թե պետական որևէ կառույց կամ պաշտոնյա կհանդգնի զսպել Ս. Մայրապետյանի հավակնությունները: Նա Աբովյան 3/1-ի սեփականատեր Աշոտ Բաբայանի և մյուս համասեփականատերերի հետ դիմել է բոլոր հնարավոր պետական կառույցներին, սակայն որևէ ողջամիտ պատասխան, կամ, առհասարակ՝ արձագանք չի ստացել: Պետական չինովնիկների նման վարքագիծը վկայում է մեկ բանի մասին. քաղաքացիների դիմումներին չեն արձագանքում ժամանակ շահելու նպատակով, քանի որ շինարարությունն ակտիվ ընթանում է, և պետք է անաղմուկ ավարտին հասցնել:

«Օրենքը միմիայն մեզ նման մահկանացուների համար է: Երբ մենք ենք ընկնում իրենց ձեռքը՝ մեզ ուտում են, տզրուկի նման մեր արյունը ծծում են մինչև վերջ: Իսկ երբ հանդես է գալիս Սամվել Մայրապետյանի նմանը՝ նրանց համար չի գործում որևէ օրենք: Արդյունքում` մեկին ապտակելու եմ, ու ինձ դատեն` որպես մարդասպան, իսկ իրենք կարող են մարդ սպանել, բայց անգամ ապտակելու հոդվածով չեն դատի: Իրենց կրեդոն հետևյալն է՝ մեր դեմ խաղ չկա, իսկ ես կարող եմ ավելացնել՝ իրենց դեմ ընդհանրապես խաղ չկա: Մենք իրենց ճորտերն ենք, սա ոչ թե ֆեոդալական հասարակարգ է, այլ՝ ճորտատիրական: Մեր հայցը դատարանում է, բայց ընդհանրապես սպասելիք չունեմ, որովհետև Ս. Մայրապետյանի ազդեցությունն ամենուր է»,- մեզ հետ զրույցում ասում է Վ. Բեջանյանը՝ վստահեցնելով, որ այլևս անհնար է ապրել այս անօրինական երկրում, և միակ ելքը հեռանալն է:

Ի դեպ, նրա խոսքով՝ հասկանալով, որ Ս. Մայրապետյանի շինարարությունից տուժած քաղաքացիներն ունեն իրենց իրավունքների ոտնահարման բոլոր հիմնավոր փաստաթղթերը, համապատասխան պաշտոնյաներն անճարությունից այնպիսի գրավոր պատասխաններ են տրամադրում, որոնք բացահայտ անգրագիտություն են, այս կամ այն օրենքներից «կոլաժ» արած:

«Դիմումներին կամ չեն պատասխանում, կամ պատասխանում են այնպիսի տեքստերով, որ տպավորություն է՝ բառարաններից մի քանի կիրառությունից դուրս եկած բառ են փնտրել, կապկել ու որպես ի պատասխան ուղարկել: Ո՞ւմ դիմենք՝ ասեքգ. Վերին կետը նախագահն է, հետո` վարչապետն ու նախարարները: Բոլորին դիմել ենք, որևէ մեկին չի հետաքրքրում, արհամարհում են: Հայաստանում ապրելու համար պետք է քավոր ունենաս, քո երեխան պետք է ամուսնացած լինի իրենց երեխայի հետ, հակառակ դեպքում՝ անպաշտպան ես:

Վերևից իջեցվող յուրաքանչյուր զանգ ներքևում պարտավոր են կատարել, և յուրաքանչյուր աթոռ կախման մեջ է վերևի աթոռից: Ավելորդ է խոսել իրավունքից ու օրենքի պաշտպանությունից: Հայաստանում ոչ ոք չի ցանկանում պաշտպանել օրինականությունը: Դիմելու ենք Եվրոպական դատարան, բայց նրանց կողմից մեր իրավունքների պաշտպանության համար 6 տարի է պետք, իսկ Ս. Մայրապետյանն արդեն մի քանի հարկ գցել է: Ո՞ւմ դիմենք, գուցե Ալիևի՞ն»,- վիրավորված ասում է Վ. Բեջանյանը՝ հավելելով, որ վիրավորված է ոչ թե Հայաստանից, այլ Հայաստանի հողի վրա քայլող «տառականներից»:

Ուշագրավն այն է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող այս գործով դատական նիստերը նույնպես ձգձգվում են անհեթեթ պատրվակներով:

Բանն այն է, որ հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարության անօրինականությունը հաստատող փաստաթղթերը ստորագրած անձանց դատարան հրավիրելու վերաբերյալ: Թեև միջնորդությունը բավարարվել է, այդուհանդերձ, ինչպես` ԱԻՆ-ի, այնպես էլ՝ Քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետները նպատակահարմար չեն գտել ներկայանալ նիստին, ինչն էլ իր հերթին` վկայում է, որ գրեթե բոլորի վրա ճնշում կա:

«Դատարանում կոնկրետ հարց է հնչելու՝ պարոնայք, քաղաքաշինության նորմերի խախտում կա՞, թե՞ ոչ: Չեն կարող, չէ՞, հերքել իրենց կողմից ստորագրված, կնքված փաստաթղթերը: Բայց չեն էլ ուզում դատարանում հաստատել Ս. Մայրապետյանի ապօրինի գործողությունները, որովհետև իրենց աթոռը կախված է վերին աթոռներից»,- արդարացիորեն նշում է «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊԸ-ից տուժած քաղաքացին՝ հավելելով, որ նման պարագայում, բնականաբար, դատավորը պարտավոր է անմիջապես շինարարությունը կասեցնելու և տարածքը նախկին տեսքին բերելու վճիռ կայացնել: Նա նաև նշում է, որ դատավորն ակնհայտորեն վախենում է և ժամանակ շահելու, հյուրանոցային համալիրի շինարարությունն ավարտին հասցնելու ակնկալիքով` ձգձգում է դատավարական պրոցեսը:

Ի դեպ, հյուրանոցային համալիրի շինարարությունը՝ ի թիվս վերոնշյալ հասցեի սեփականատերերի, առաջին հերթին` խախտում է ԱՕԿՍ-ի շենքի անվտանգության նորմերը, քանի որ խախտված հակահրդեհային միջտարածությունն այդ շենքի համար վտանգ է սպառնում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից այս երևույթն արժանանում է տոտալ անտարբերության, և դժվար չէ կռահել, թե Հյուսիսային պողոտայի բնակչուհի նախարարն ինչո՞ւ է «աչք փակում» Ս. Մայրապետյանի ապօրինության վրա:
Այնուամենայնիվ, վերոնշյալ հասցեի համասեփականատերերի շահերի պաշտպան Սամվել Դավթյանը հավատացնում է, որ կես տարի է, ինչ արդար բողոք ներկայացնող քաղաքացիները չեն կարողանում հասնել արդարության:

«Բնակիչները բոլոր արտյաններին ահազանգել են հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, քանի որ Ս. Մայրապետյանն ուժեղ հովանավորություն ունեցող անձ է: Բնակիչների մտավախություններին այդպես էլ հիմնավոր պատասխան չտրվեց»,- ասում է փաստաբանը: Ի դեպ, Քաղաքաշինության նախարարի հրամանով թեև ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, այդուհանդերձ, խմբում ընդգրկված մասնագետները նույնպես կաշկանդված են և որևէ ադեկվատ լուծում այս հարցին տալ չեն կարողանում:

«Լոկալ Դիվելոփերզ» ՍՊԸ ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալու համար մենք զանգահարեցինք «Սփյուռ» տեղեկատու, որտեղից պատասխանեցին, թե իրենց մոտ նման ընկերություն գրանցված չէ: Մեր ձեռքի տակ է գտնվում այս ՍՊԸ-ի կողմից անօրինական գործողություններ թույլ տալու վերաբերյալ փաստաթղթերի հսկայական փաթեթ, որին ամբողջությամբ անդրադառնալ, ցավոք, չենք կարող: Մայիսի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու այս գործով դատական նիստը, որը մենք նույնպես կլուսաբանենք:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս