Զարուհի Փոստանջյանը Տիգրան Սարգսյանի հետ տեսակցություն է պահանջում (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին ՀՀ Կառավարության շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցներին միացել է նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ես և Արմեն Մարտիրոսյանը վերադարձել ենք Սևան-Երևան մայրուղուց, որն արդեն բացվում է: Ճանապարհին հսկայանան զինվորական մեքենաներ էին շարված: Երկու պաշտոնյաներ` ոստիկանապետն ու ՀՀ Պաշտպանության նախարարը չէին թողնում, որ բողոքի ձայնը գար և հասներ ՀՀ կառավարության դուռը, հիմա էլ այստեղ՝ այս մյուս պաշտոնյան փակվել է իր աշխատասենյակում: Մենք այս պահին պահանջում ենք ՀՀ վարչապետին իջնել իր աշխատասենյակից, չփակվել այնտեղ:
Նա պարտավոր է հրապարակավ հասարակության առջև հաշվետվություն ներկայացնել: Նրանք բոլորը պետք է վաղուց պաշտոնաթող լինեին, բայց այս պահի դրությամբ, եթե նա իրեն պատկերացնում է որպես ՀՀ վարչապետ, առնվազն պետք է գա և հաշվետվություն ներկայացնի: Ես իրավասու չեմ ասել, թե ինչու էին փակել ճանապարհը, թե ինչու էին այդ զրահամեքենաները և ոստիկանության և Պաշտպանության նախարարության ծառայության մեջ գտնվող քաղաքացիները գտնվում այնտեղ: Այս հաշվետվությունը պետք է ներկայացնի վարչապետը»,- ՀՀ կառավարության առջև հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս ասաց, որ նա փորձել է ոստիկանների միջոցով իր պահանջը փոխանցել վարչապետին. «Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, պահանջում եմ իր հետ տեսակցություն: Բայց, ցավոք սրտի, կառավարության ներկայացուցիչն ասաց, որ նա իրավասու չէ իմ պահանջը ներկայացնել: Հիմա ես այս պահանջը հրապարակավ եմ հայտնում, կարծում եմ, վարչապետը լսում է, և նա չպետք է վախենա հասարակությունից: Նա պետք է հաշվետվություն ներկայացնի ոչ միայն տարբեր ամբիոններում և Սերժ Սարգսյանի առջև, այլ առաջին հերթին հասարակությանը պետք է ներկայացնի»:
Նշենք, որ ՀՀ կառավարության շենքի առջև քիչ անց ամենայն հավանականությամբ մոմավառություն կանցկացվի: