Բիձինա Իվանիշվիլին դատապարտել է Թբիլիսիում անցկացված գեյ-շքերթի ժամանակ գործադրված բռնությունները
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դատապարտել է երեկ Թբիլիսիում անցկացված գեյ-շքերթի ժամանակ ուղղափառ ակտիվիստների ու հոգևորականների կողմից գործադրված բռնությունները: Իվանիշվիլին խոստացել է, որ մեղավորների հետ «կվարվեն օրենքով սահմանված կարգով».
«Խաղաղ հանրահավաքներ անցկացնելն ու հասարակական կարծիքի ազատ արտահայտումը հանդիսանում են մեր ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչները: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի ամբողջովին և հավասարապես օգտվում է այդ իրավունքից:
Բռնությունը, խտրականությունը և իրավունքների սահմանափակմանն ուղղված այլ գործողություններն անթույլատրելի են: Այդպիսի գործողություններ կատարած յուրաքանչյուր մեղավորի հետ կվարվեն օրենքով սահմանված կարգով:
Ավելի քան 2000 ոստիկաններ տեղակայվել են ցույցի դուրս եկած սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների փոքրաթիվ խմբի և հակացուցարարների միջև՝ դիմակայությունը կանխելու համար: Սակայն նրանց հաղթահարեցին զուգահեռ ակցիայի մի քանի հազար մասնակիցները, որոնց մի մասը սկսեց բռնություններ գործադրել»:
Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երեկվա բախումների հետևանքով տուժել է 28 մարդ: