Հարություն Մեսրոբյան. «Ոչխարները կլինեն Հայաստանի սահմաններից դուրս, այստեղ հայեր են ապրում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Նախախորհրդարան քաղաքացիական շարժումն Ազատության հրապարակում անցկացրեց հանրահավաք, որում ելույթ ունեցան շարժման անդամ մի շարք գործիչներ: Մասնավորապես, կառավարման փորձագետ, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Հարություն Մեսրոբյանը, սկսելով իր խոսքը, նախ բոլորին շնորհավորեց. «Եռագլուխ դևը` երեք չընտրությունների ալիքով, անցավ գնաց, և հիմա եկել է գործ անելու ժամանակը, թե չէ` երեք անգամ սկսվում է` «հեսա, հեսա», հետո` չընտրություն, հետո`«վայ, քոռանամ ես», հիմա նման ճանապարհ մեզ արգելված է»:

Այս համատեքստում Հ.Մեսրոբյանը խոսեց Նախախորհրդարանի անելիքների մասին` նշելով, որ առաջին քայլը կազմակերպումը և ինքնակազմակերպումն է: Երկրորդ քայլը, ըստ նրա, պետք է լինի կառավարման կառույցներ ստեղծելը, որոնք կարող են լինել արդարադատական կամ գործադիր: Իսկ Նախախորհրդարանի մյուս քայլը, ինչպես պարզվեց, վերաբերում է ընտրական նոր մեխանիզմի ստեղծմանը:

«Ամենահետաքրքիրը երրորդ քայլն է: Ի՞նչ ցույց տվեցին հերթական անգամ այս փառապանծ չընտրությունները, գցում ես ինչ-որ թուղթ, երեկոյան քեզ թիվ են հայտարարում ու ասում են` «լյոխ լավա»: Հիմա այդպես չի լինելու, յուրաքանչյուրս ստորագրելու ենք պայմանագիր, որի մեկ օրինակը լինելու է յուրաքանչյուր հայի ձեռքում, և այնտեղ գրված կլինի` ինչ պարտավորություններ և ինչ պատասխանատվություն է այդ մարդու նկատմամբ կրելու այն անձը, ով հավակնում է կառավարել Հայաստանը, և ոչ թե դա կլինի քվե, որն ինչ-որ տեղ ընկավ, և դա ցույց տվեցին հեռուստատեսությամբ: Ո´չ, դա կլինի բարակ թուղթ` ամեն մեկիս ձեռքում, և այն ժամանակ ես կիմանամ` ով է ինձ տանում, ինչը չի կատարել և ինչ պետք է անեմ նրա հետ»,- ասաց Հարություն Մեսրոբյանը` ավելացնելով, որ ցանկացած իշխանության վերահսկելու իրավունք ունի միայն ժողովուրդը:

Կառավարման փորձագետն անդրադարձավ նաև Հայաստանում առկա խնդիրներին` մասնավորապես գազի գնի բարձրացմանը, Արմավիր մարզում կարկտի պատճառով գյուղացիներին հասցված վնասին և այլ բազմաթիվ հարցերի:

Կարդացեք նաև

«Իշխանությունը պետք է դառնա շոգեքարշ` ժողովրդի ետևի, և այն ժամանակ կտեսնենք` ով է Հայաստանում հարց լուծում, ում են պատկանելու հանքերը, ում են պատկանելու ստրատեգիական ձեռնարկությունները, ով է պահելու սահմանները: Մե´նք: Եվ այն ժամանակ ոչ թե կլինեն ինչ-որ բանակցություններ ստվերում, հետո մի օր կարթնանանք ու կպարզվի, որ Հայաստանի կեսով ոչխարներ են ման գալիս, ո´չ, ոչխարները կլինեն Հայաստանի սահմաններից դուրս, այստեղ հայեր են ապրում»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս