Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով տուժողները գինովցած էին. վկա

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Գևորգ Միքայելյանը: Վերջինս «Հարսնաքար» ռեստորանում  աշխատում է որպես մատուցող:

Վկան պատմեց, որ հունիսի 17-ին սովորականի պես եղել է աշխատանքի. «Երեկոյան ժամը 10:00-ից անց՝ խոհանոցից դուրս գալուց, հաճախորդներիցս բողոքում են: Մոտենում եմ, մեկ էլ տեսնում եմ՝ վիճաբանություն է գնում, Ալիկին տանում են ամառայինից դուրս, մեկ էլ էդ րոպեին հաճախորդ է գալիս, ես մոտենում եմ հաճախորդին: Խոսում եմ մի քանի րոպե, վայրկյաններ, տեսնում եմ Գարիկն է մոտենում, որ հանգստացնի: Մոտենում եմ հյուրերին, ես նստացնում եմ, գնում եմ իմ սեղանի մոտ, տեսնում եմ՝ չկան: Ու անցնում եմ էլի իմ սովորական աշխատանքին»,- այսօր դատարանում պատմեց Գևորգ Միքայելյանը:

Նաև ասաց, թե հյուրերը վիճաբանում էին մատուցող Դավիթ Ադամյանի հետ, հայհոյում էին նրան, իսկ իր հաճախորդներն էլ, ըստ նրա՝ իր ուշադրությունը հրավիրում էին այն բանի վրա, որ Վահե Ավետյանի և նրա ընկերների սեղանից հայհոյանքներ են լսվել:

Վկայի պատմելով՝ ինքը տեսել է, որ մեղադրյալ Գարիկ Մարգարյանը փորձում էր հանդարտեցնել Դավիթ Ադամյանի և տուժողների միջև առաջացած վիճաբանության մասնակիցներին: Ըստ վկա Գևորգ Միքայելյանի՝ Դավիթ Ադամյանը չի պատասխանել տուժողների հնչեցրած հայհոյանքներին:

Գևորգ Միքայելյանը նաև ասաց, որ ինքը դեպքի օրը չի իմացել, որ նման բան է պատահել. միայն հաջորդ օրը, իմանալով, որ իրեն ոստիկանություն են կանչել, գնացել է և այնտեղ է իմացել, որ ռեստորանային համալիրում ծեծկռտուք է եղել:

Ռեստորանային համալիրի մատուցողն ասաց, նաև, որ տուժողները գինովցած էին: Գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նրանից հետաքրքրվեց՝ արդյոք վկան նրանց հետ շփում ունեցե՞լ է և ինչպե՞ս է հասկացել, որ նրանք գինովցած էին: Վկա Միքայելյանը պատասխանեց, որ դա զգացել է տուժողների քայլվածքից, երբ նրանք ներս են մտել ռեստորանային համալիր: Եգորյանի ճշտող հարցին՝ «այսինքն՝ նրանք այն աստիճան գինովցած էին, որ ուղիղ չէին քայլո՞ւմ», վկան պատասխանեց՝ այո´:

Ի դեպ, դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը տուժողների հետ «Հարսնաքար»-ում գտնված, նախաքննության ընթացքում հարցաքննված վկա Դիանա Նավոյանին որպես վկա դատարանում հարցաքննելու մասին՝ այս միջնորդության դեմ չէր առարկել նաև մեղադրանքի կողմը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ին, որտեղ կհարցաքննվի Դիանա Նավոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս