Նոր պայթյուններ Իրաքում. կա 30 զոհ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր երկու պայթյուն է որոտացել Իրաքի արևելյան հատվածում գտնվող Դիյալա նահանգում: Պայթյունների հետևանքով՝ զոհվել է 30, վիրավորվել է առնվազն 40 մարդ:
Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել Բաակուբա քաղաքի մզկիթի մոտ՝ ճանապարհի երկայնքով և գործել են այն ժամանակ, երբ սուննի հավատացյալներն ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս են եկել մզկիթից:
Երեկ էլ 3 պայթյուն էր գրանցվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, ինչի հետևանքով զոհվել էր 14 և վիրավորվել էր 19 մարդ: Դրանից մեկ օր առաջ էլ (չորեքշաբթի) պայթյուններ էին որոտացել Բաղդադում և երկրի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում: Դրա հետևանքով զոհվել էր 35 և վիրավորվել էր 134 մարդ:
Վերջին ամիսներին կտրուկ աճել է շիաների ու սուննիների միջև լարվածությունը: Ապրիլը դարձավ վերջին 5 տարվա ընթացքում ամենաարյունալի ամիսն Իրաքում: Ապրիլին Իրաքում զոհվել է 712 մարդ, որոնցից 595-ը՝ խաղաղ բնակիչներ են: