Առաջին անգամ «Եվրատեսիլում» Հայաստանը ոչ թե «տարազատրեխային» կուլտուրա ներկայացրեց, այլ եվրոպական երգ ու կատարում (տեսանյութ)
Երեկ Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, և Հայաստանը մրցույթում ներկայացնող «Դորիանս» խումբը հանդես եկավ 11-րդ համարի ներքո: Խմբի ելույթից հետո սոցիալական ցանցերը ողողվեցին մեկնաբանություններով, որոնք այս տարի մեծ մասամբ դրական երանգավորում ունեին: «Lonely Planet» երգի կատարմանն անդրադարձան նաև հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:
Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը, անդրադառնալով «Դորիանսի» ելույթին, Facebook-ի իր էջում գրել է. «Առաջին անգամ «Եվրատեսիլում» Հայաստանը ոչ թե «տարազատրեխային» կուլտուրա ներկայացրեց, այլ ԵՎՐՈՊԱԿԱՆ երգ ու կատարում… Ֆանտաստիկ էներգետիկա, հպարտ ու պինդ կեցվածք, Ջոնի Դեփի սիլուետ… Եթե Հանրայինը ժամանակ ու փող ծախսեր ժամանակին, «Դորինսը» հաղթանկի շանսեր կունենար»։
«Lonely Planet» երգի կատարմանն էր անդրադարձել նաև երգչուհի Հասմիկ Կարապետյանը. «Բռավո Դորիանս, փայլուն ելույթ, ապրեք երեխեք ջան»:
«Բռավո Դորիանս, բացառիկ ելույթ, մեզ համար դուք արդեն հաղթած եք: Եթե այս տարի գոնե եռյակում չլինենք, առաջարկում եմ այլևս չմասնակցել այս մրցույթին»,- գրել էր հաղորդավարուհի Յանա Դանիելյանը:
Դորիանսի նախկին պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը գրել էր. «Երբեք չեմ խոսել, հիմա ուզում եմ ասեմ ) Հարգելի նախկին Հ1, ո՞նց կարելի էր չօգտագործել Դորիանսի և Գոռի տաղանդը: Թոնի Այոմին աշխարհահռչակ երաժիշտ ա, բայց դա չի նշանակում, որ կարա Գոռից լավ երգ գրի: Գոռը պիտի երգեր և հնգյակում ձեր տեղը ապահովեր, ինչևէ…»:
«Բռավո Դորիանս, տեսաք ինչ լավ ա, որ գնում են լավ երաժիշտներ ու ներկայացնում են իրենց ոճով: Կարևորը, որ ելույթն անթերի էր, մնացածը երկրորդական բաներ են… ինչ ուրախ եմ»,- գրել էր երգչուհի Նարինե Դովլաթյանը:
Հավելենք, որ Դորիանս խումբը երեկ ստացավ եզրափակչի ուղեգիր, որը տեղի կունենա մայիսի 18-ին: