Բաժիններ՝

Մեկնարկել է Էլեկտրոնային բովանդակության ազգային մրցույթը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, որպես Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (WSA) միջազգային մրցույթի գործընկեր Հայաստանում, հայտարարում է էլ. բովանդակության ազգային մրցույթի մասին, որի նպատակն է՝ բացահայտել Հայաստանի էլ. բովանդակության ոլորտում  զարգացումներն ու նվաճումները և հնարավորություն ընձեռել ներկայացնել դրանք միջազգային ասպարեզ: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Մրցույթին մասնակցել կարող է հայաստանյան ցանկացած ընկերություն կամ անհատ, որն ունի յուրահատուկ և գրավիչ էլ. բովանդակություն՝ թողարկված 2011-2013 թվականներին: Բոլոր աշխատանքները պետք է լինեն ավարտուն: Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես վեբ կայքեր, այնպես էլ մուլտիմեդիա աշխատանքներ (CD, DVD), մոբայլ հավելվածներ և խաղեր:

Աշխատանքները պետք է ներկայացվեն հետևյալ անվանակարգերից որևէ մեկում.

•          Էլ. գործարարություն և առևտուր

•           Էլ. կառավարում և բաց տվյալներ

•           Էլ. ուսուցում և գիտություն

•           Էլ. ժամանց և խաղեր

•           Էլ. մշակույթ  և զբոսաշրջություն

•           Էլ. լրատվամիջոցներ և լրագրություն

•           Էլ. առողջապահություն և շրջակա միջավայր

•           Էլ. ներգրավում և հզորացում

Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվում յուրաքանչյուր անվանակարգում բացարձակ ցուցանիշներով (ամենաբարձր միավորներ հավաքած) լավագույն աշխատանքները: Հաղթողները ստանում են միջազգային մրցույթին (WSA) մասնակցելու ուղեգրեր, որի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Շրի Լանկայում:

էլ. բովանդակության ազգային մրցույթից հետո մասնակից երկրների փորձագետներից կազմված միջազգային ժյուրին Տալինում (Էստոնիա) կգնահատի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված աշխատանքները և կընտրի դրանցից լավագույն 40-ը: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգի համար կընտրվի 5 աշխատանք: Այդ աշխատանքների ներկայացուցիչները կհրավիրվեն Շրի Լանկա՝ մասնակցելու Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխությանը (WSA) համաշխարհային կոնգրեսում և պայքարելու գլխավոր մրցանակի համար:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են գրանցել իրենց հայտերը այս հղումով :  Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ. հունիսի 17-ը:

Տեղեկացնենք, որ Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխությունը (WSA) առաջին անգամ կազմակերպվել է  2003թ.-ին Զալցբուրգում, որպես ՄԱԿ-ի Տեղեկատվական հասարակության  համաշխարհային գագաթաժողովի (WSIS) մի մաս: Այն համաշխարհային նախաձեռնություն է, որի նպատակն է՝ ընտրել և խթանել աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակությունը և նորարարական ՏՀՏ ծրագրերն ու աշխատանքները: Ավելի քան 160 երկիր արդեն ներգրավված է այս համաշխարհային մրցույթում:

Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել այստեղ ՝ www.eif.am/arm/wsa-armenia:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս