Սիրիական բանակը սկսել է լայնամասշտաբ ամրություններ կառուցել Լիբանանի հետ սահմանի երկայնքով
Newsru.co.il-ը, վկայակոչելով լիբանանյան Naharnet թերթը, հայտնում է, որ սիրիական բանակը սկսել է լայնամասշտաբ ամրություններ կառուցել սիրիա-լիբանանյան սահմանի հյուսիսային հատվածում:
Ողջ սահմանի երկայնքով կառուցվում են հողապատնեշներ, որոնց միջև տեղադրվում են արելափակոցներ ու լարափակոցներ: Հողապատնեշների գագաթներին տեղադրվում են դիտարկման սարքեր:
Բացի այդ, սահմանի երկայնքով փորվում են 5 մետր լայնությամբ և նվազագույնը 1.5 մետր խորությամբ փոսեր՝ կանխելու համար ավտոմոբիլային տրանսպորտի (նաև բեռնատարների)՝ Սիրիայի տարածք մուտք գործելը, որը զինյալների կողմից օգտագործվում է տարբեր տիպի սպառազինության մատակարարման համար:
Լիբանանյան սահմանի հյուսիսային հատվածը հարում է Սիրիայի Հոմս նահանգին, ուր առավելապես ակտիվ են Սիրիա ներթափանցած իսլամիստների բանդաները: Տվյալ հատվածի ամբողջական շրջափակումը հնարավոր է դարձել Էլ-Կուսեյր քաղաքի շրջանում զինյալների խմբավորման ջախջախումից հետո:
Սիրիական բանակի ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման ջոկատների ձեռնարկած գործողությունների շնորհիվ Էլ Կուսեյրի մոտ գտնվող գյուղերի մեծը մասը ներկա դրությամբ ազատագրված է: Սահմանը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո:
Լիբանանա-սիրիական սահմանին անվտանգության միջոցառումների խստացումը հաստատել է նաև «Լիբանանի ռադիոն»: