Իրանում մերժում են ստացել բոլոր կին թեկնածուները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Պահապանների խորհուրդը մերժել է նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 30 կին թեկնածուներին: Այս մասին հայտարարել է այդ խորհրդի անդամ Մոհամմադ Յազդին:
Վերջինիս խոսքերով՝ օրենքը կանանց չի թույլատրում նախագահական ընտրություններին մասնակցել որպես նախագահի թեկնածու: Փորձագետները կարծում են, որ այդ հարցում անորոշություն է տիրում Իրանի Սահմանադրությունում:
Իրանում կանայք կարող են առաջադրվել խորհրդարանում ու հանդիսանալ կառավարության անդամներ, սակայն միևնույն ժամանակ Սահմանադրությունը նրանց արգելում է դառնալ երկրի նախագահ:
Նախորդ նախագահական ընտրություններում դարձյալ մերժվել են կին թեկնածուները: Իրանի ՆԳՆ-ը հայտարարել է, որ հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 686 թեկնածու, որոնցից 30-ը կանայք էին: Նրանց հաստատման կամ մերժման գործընթացը, որը պետք է ավարտվեր դեռ երեկ, երկարաձգվել է 5 օրով և ավարտվելու է մայիսի 21-ին: