«Գազի գնի բարձրացումը լրջորեն կազդի ժողովրդի կենսամակարդակի վրա»
Հայաստանում ներքաղաքական կյանքը բավական լարված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով՝ այժմ շատ արդիական խնդիր է գազի գնի հնարավոր բարձրացումը:
«Գազի գնի բարձրացումը լրջորեն կազդի ժողովրդի կենսամակարդակի վրա, որովհետև գազն այն ապրանքն է, որն օգտագործվում է շատ ձեռնարկություններում, սննդի ասպարեզում, ցեմենտի արտադրության մեջ և այնպիսի ճյուղերում, որոնց գինն ինքնըստինքյան կբարձրանա»,- ասաց Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով՝ այժմ ժողովուրդ շատ լարված վիճակում է: Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարը հուսադրող համարեց Կառավարության երեկվա հայտարարությունն այն մասին, որ գազը սուբսիդավորվելու է 30 տոկոսով. «Իսկ եթե մենք անընդհատ ասում ենք, որ պետք է գազը եվրոպական գներով գնենք, և այլն, ապա աշխատավարձն էլ պետք է լինի եվրոպական աշխատավարձ, որ մարդիկ կարողանան իրենց հոգսերը հոգալ»:
«Եթե շուտ լիներ հայտարարությունը Եվրասիական միությանը միանալու մասին, երևի այսօր այսպիսի սրությամբ չդրվեր գազի հարցը»,- նշեց Ռուբեն Թովմասյանը՝ հավելելով, որ շատերը մտածում են՝ Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, հետևաբար՝ ինչ ուզենք՝ պիտի տա. «Ժամանակները փոխվել են, սա սովետական Ռուսաստանը չէ»:
Նա ստրատեգիական գործընկերության ապացույցը համարեց Հայաստանի սահմանին կանգնած ռուսական զորքը: Ռուբեն Թովմասյանը դժվարացավ ասել՝ ինչո՞ւ գազի գնի բարձրացման համար ընտրվեց հենց այս ժամանակահատվածը, սակայն նշեց, որ միգուցե դա կապված էր ընտրությունների հետ:
Ռուբեն Թովմասյանն ասաց նաև, որ չի կարծում, թե Ռուսաստանը գազի գինը բարձրացնելով՝ ցանկացել է շանտաժի ենթարկել Հայաստանին. «Ես չէի ասի, որ շանտաժ է: Եթե, ասենք, գազի գներն իջեցրած լինեին, կասեինք, որ Հայաստանին ուզում է դուր գալ Ռուսաստանը, որ մտնի Եվրասիականի կազմի մեջ: Հակառակն էլ կարելի է ասել: Շանտաժը դա չէ… Ռուսաստանն այն երկիրը, պետությունը չէ, որ շանտաժ անի իր գործընկերոջը»: