Բաժիններ՝

Պան Գի Մունը վերստին կոչ է հղել Սիրիայի իշխանություններին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն աջակցություն է հայտնել Սիրիայի վերաբերյալ մոտ ժամանակներս միջազգային կոնֆերանս գումարելուն:

Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով Պան Գի Մունը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.

«Հուսով եմ, որ ձեզ կհաջողվի կարճ ժամանակում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս գումարել: Կոնֆերանսի նախապատրաստումն արդեն իսկ սկսվել է, ինչն ընթանում է շատ ինտենսիվ: Մենք բոլորս համաձայն ենք, որ հանդիպումը պետք է տեղի ունենա ամենամոտ ժամանակներս»:

Պան Գի Մունն ընդգծել է, որ քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի փորձագետները պատրաստ են երկու օրում մեկնել իրադարձությունների վայր՝ Սիրիայի իշխանություններին կոչ անելով թույլատրել նրանց մուտքը երկիր՝ համապատասխան հետաքննություն անցկացնելու համար:

Պան Գի Մունը հավելել է, որ նման հետաքննության անցկացման անհրաժեշտության մասին որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ իրեն համապատասխան հարցով դիմել է Սիրիայի կառավարությունը, ինչպես նաև Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Սիրիայի իշխանությունները պնդում են, որ ապստամբները մարտի 19-ին քիմիական զենք են կիրառել Հալեպի շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս