Ռեյհանլըի պայթյունների հրամանը կարող է արձակած լինել սիրիական բանակի հրամանատարներից մեկը. Hürriyet
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք իրավապահները կարծում են, որ մայիսի 11-ին Ռեյհանլը քաղաքում պայթյուններ իրագործելու մասին հրամանը կարող է արձակած լինել սիրիական բանակի հրամանատարներից մեկը, որի ծածկանունն է Էթեմ: Վերջինս նաև ֆինանսավորել է այդ ակցիան:
Թերթը հավելում է, որ անհրաժեշտ է ձերբակալել պայթյունների մեջ կասկածվող ևս երեք սիրիացու, սակայն նրանց գտնվելու վայրն անհայտ է: Նրանց ձերբակալումն իշխանություններին կօգնի ամբողջական պատկերացում կազմելու համար տեղի ունեցածի մասին:
Թուրքական հետախուզությունն ու անվտանգության ուժերը կարծում են, որ Էթեմը պայթյունների կազմակերպման գործում ներգրավել է Նասըր անունով մի թուրքի, ով պայթյուններից 10 օր առաջ Ռեյհանլըում վարձակալել է մի պահեստ և երկու միկրոավտոբուս:
Նասըրը ձերբակալվել է և տալիս է համապատասխան ցուցմունքներ: Նա իր հերթին գործում ներգրավել է Մեհմեթ Թաքիմ անունով թուրքի և մեկ տարում թուրք-սիրիական սահմանը հատել է 400 անգամ: Դրանով իսկ Ռեյհալըի պայթյունների կազմակերպման գլխավոր դերակատարներ են համարվում Էթեմը, Նասըրը և Մեհմեթը:
Եվս վեց ձերբակալվածները կատարել են օժանդակ դեր: Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, որ ահաբեկիչները նպատակադրվել էին պայթեցումներ կազմակերպել նաև Քոնիայի Առևտրի պալատում և Անկարայի կենտրոնական մզկիթում ու նրա շրջակայքում: