Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանի եղբորորդին կմնա կալանավորված

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ է թողել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի, նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց մեղադրյալի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, ով բողոքարկել էր իր պաշտպանյալին կալանավորելու մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանն, ըստ Հ.Ալումյանի, միաժամանակ արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանում խափանման միջոցի հարցը որոշելիս զգալի թերություններ են եղել, մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից բավարար նյութեր չեն ներկայացվել: Դրանք ներկայացվել են Վերաքննիչ դատարանում:

Մայիսի 18-ին Շիրակի մարզի դատարանը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, կքննի Հայկ Ալումյանի բողոքն ընդդեմ քննչական մարմնի՝ իր պաշտպանյալին տուժող ճանաչելու դիմումը մերժելու որոշման դեմ:
Վ.Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը, առաջադրված մեղադրանքում: Ըստ նրա՝ իր վրա հարձակում է տեղի ունեցել, և ինքը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Վ.Ղուկասյանն իրեն «մեղավոր» է ճանաչում միայն, որ «հասցրել է պաշտպանվել»:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ապրիլի 23-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Նրանք Գյումրիում առավել հայտնի են համապատասխանաբար «Քավոր Հարութ» և «Շեկո» մականուններով և համարվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ։

Բացի Վահե Ղուկասյանից, այս գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև Հարություն Խաչատրյանի, նույն ինքը՝ «Քավոր Հարութի» անչափահաս որդին՝ 1995 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս