Բաժիններ՝

Սիրիային С-300-ների հատկացումը կարող է պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում. Նեթանյահուն՝ Պուտինին

Իսրայելական Mig News-ը նոր մանրամասներ է ներկայացրել մայիսի 14-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև տեղի ունեցած հանդիպումից:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիային ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրների հատկացման հարցը: Հանդիպման ժամանակ Նեթանյահուն զգուշացրել է Պուտինին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին նման զենքի հատկացումը կարող է պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում:

Նա հավելել է, որ С-300 զենիթա-հրթիռային համալիրները որևէ կապ չունեն Սիրիայի ապստամբ խմբավորումների դեմ Ասադի մղած պայքարի հետ և Պուտինին կոչ է արել հրաժարվել այդ զենքի մատակարարումից:

Նեթանյահուն ընդգծել է, որ եթե Ասադի մոտ հայտնվեն С-300 զենիթա-հրթիռային համալիրները, որոնք ունակ են ոչնչացնել կործանիչներ ու թևավոր հրթիռներ, ապա դա ամենայն հավանականությամբ կդրդի իրենց գնալու պատասխան քայլերի, ինչն էլ կարող է նպաստել տարածաշրջանում պատերազմի սանձազերծմանը:

Իսրայելը կասկածներ ունի, որ Ռուսաստանը պլանավորել է Դամասկոսին վաճառել С-300 6 հրթիռային մարտկոց և դրանց հետ մեկտեղ 144 հրթիռ: Ի դեպ, Պուտինի ու Նեթանյահուի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ հանդիպման ժամանակ քննարկվել է С-300-ների հարցը՝ հավելելով, որ Նեթանյահուն լսել է այդ հարցում Պուտինի փաստարկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս