Ստեփան Դեմիրճյան. «Ի վերջո, ե՞րբ է ԲՀԿ-ն հայտարարել, որ ընդդիմություն է»

«Որևէ նոր բան, ըստ էության, չի հայտարարվել, որևէ սենսացիոն բան ես այդ ամենի մեջ չեմ տեսնում, ի վերջո, ե՞րբ է ԲՀԿ-ն հայտարարել, որ ընդդիմություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` խոսելով մայիսի 14-ին` Աբովյանում Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման օրը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այն արտահայտության մասին, թե «ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները պնդում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ի տեսակետների վերաբերյալ ավելի ճիշտ կլինի հարցն ուղղել ՀԱԿ-ի ղեկավարներին: Սակայն, ամեն դեպքում անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության` այդքան քննարկվող հարցին, ՀԺԿ առաջնորդը նշեց, որ համագործակցությունը պետք է կոնկրետ լինի և այդպիսի համագործակցություն կա Ազգային ժողովում:

«Մեր կուսակցությունը պատրաստ է ավելի խորը համագործակցության, երբ ԲՀԿ-ն հստակ ընդդիմադիր ուժ կլինի»,- ասաց նա:

Շարունակելով թեման` լրագրողները փորձեցին հստակեցնել, թե այդ դեպքում ինչո՞ւ Ստեփան Դեմիրճյանը պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը», որը նվիրված էր «Բարգավաճ Հայաստանին» իշխանությունից պոկելու թեզին:

Կարդացեք նաև

«Նախ` ես ժամանակին շատ հստակ իմ տեսակետներն արտահայտել եմ, և քիչ առաջ էլ ասացի` մենք պատրաստ ենք համագործակցել ԱԺ-ում, սակայն ավելի խորը համագործակցության մասին խոսք կարող է լինել այն դեպքում, երբ ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն: ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի, թե չի լինի, դա ԲՀԿ-ի որոշելիք հարցն է»,- ի պատասխան ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը  հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ արած ձևակերպումը ԲՀԿ-ի քաղաքական կարգավիճակի մասին, տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ ուղղորդված, խեղաթյուրված հետևությունների առիթ է հանդիսացել: Ակնհայտ է նաև Գագիկ Ծառուկյանի՝ համատեքստից կտրված խոսքի վրա ոմանց համար ցանկալի սցենարների կառուցումը: Բոլոր տեսակի տարըմբռումներին և տարօրինակ մեկնաբանություններին վերջ տալու նպատակով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին ԲՀԿ ղեկավարը չի զլանա և մեկ անգամ ևս բոլոր հարցերին անձամբ կտա սպառիչ պատասխաններ»:

Տեսանյութեր

Լրահոս